14:32 | 04.02.10 | Նորություններ | 2953

2012թ-ից Հայաստանում պետք է ներդրվի էլեկտրոնային կառավարման ամբողջական համակարգ

Երեւան /Մեդիամաքս/. Հայաստան-Եվրամիություն քաղաքական համագործակցության եռամյա ծրագրի համաձայն` 2012թ. հունվարից Հայաստանում պետք է ներդրվի էլեկտրոնային կառավարման ամբողջական համակարգ:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այդ մասին այսօր խոսվել է Հայաստանում էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման հայեցակարգի մշակման միջգերատեսչական աշխատանքային խմբի նիստում, որը վարել է Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը:

Աշխատանքային խումբը մինչեւ սեպտեմբեր պետք է մշակի Հայաստանում էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրման հայեցակարգը:

Արթուր Բաղդասարյանը նշել է, որ էլեկտրոնային կառավարման համակարգը պետք է ոչ միայն ներառի պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինները, այլեւ պետք է հնարավորություն ստեղծվի, որ տնտեսվարող սուբյեկտներըէլեկտրոնային փոստով կարողանան հաղորդակցվել պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների հետ:

Հայեցակարգի մշակումն ու իրականացումը կզուգակցվի օրենսդրական դաշտի կարգավորմամբ, մասնավորապես` կմշակվեն եւ կառավարություն կներկայացվեն “Տվյալների շտեմարանների մասին” եւ “Անձնական տվյալների պաշտպանության մասին” օրինագծերը: