13:05 | 03.02.10 | Նորություններ | 3054
Երեւան /Մեդիամաքս/. Orange Armenia բջջային օպերատորը նախօրեին գրանցել է իր 200-հազարերորդ բաժանորդին:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, 200-հազարերորդ բաժանորդը եղել է Երեւանի պետական բժշկական համալսարանի ուսանողուհի Լուսինե Հարությունյանը, ում այսօր նվեր է հանձնել Orange Armenia-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:
“Կցանկանայի ուրախությամբ նշել, որ մեր ընտանիքն օրըստօրե ավելանում է: Իհարկե, դա մեծացնում է մեր թիմի պատասխանատվությունը, որն աշխատում է ջանք չխնայելով` բաժանորդներին ավելի որակյալ եւ հարմարավետ ծառայություններ մատուցելու համար”,- ասել է Բրունո Դյութուան:
Նա նշել է, որ ընկերության ամանորյա առաջարկը, որը գործում էր մինչեւ հունվարի 31-ը, հետաքրքրել է Հայաստանի բազմաթիվ բնակիչների, եւ նախորդ ամսվա վերջում Orange Armenia-ի վաճառքի ծավալները կտրուկ աճել են: Ներկայումս Orange-ի ինտերնետային բաժանորդների թիվը հասնում է 13 հազարի:
Բրունո Դյութուան խոստովանել է, որ Orange-ի ինտերնետային կապի բաժանորդների 1/3-ը որոշ ժամանակ առաջ ունեցել է անհարմարություններ, որոնք պայմանավորված էին ՙսպառվող ինտերնետ-թրաֆիքի ռեկորդային ծավալներով՚: Ընկերության ղեկավարը տեղեկացրել է, որ հունվարի կեսին ընկերությունը կրկնապատկել է ցանցի թողունակությունը, իսկ հանրապետության մի քանի քաղաքներում աշխատանքները դեռ շարունակվում են:
Խոսելով շուկայում մրցակցային իրավիճակի մասին` Բրունո Դյութուան ասել է, որ ընկերություններից յուրաքանչյուրը փորձում է պահպանել իր դիրքերը: “Վերջին երկու ամիսների զարգացումները ՀՀ հեռահաղորդակցային շուկայում օրինական են, բնական եւ տրամաբանական”,- ասել է Orange Armenia-ի գլխավոր տնօրենը: