13:04 | 23.12.09 | Նորություններ | 3273

“ՎիվաՍել-ՄՏՍ”-ը դիվերսիֆիկացնում է տվյալների փոխանցման կապուղիները

Երեւան /Մեդիամաքս/. “ՎիվաՍել-ՄՏՍ”-ը այսօր նոր պայմանագիր է ստորագրել GNC-Alfa մեծածախ ինտերնետ-պրովայդերի հետ, ինչը թույլ կտա օպերատորին դիվերսիֆիկացնել տվյալների փոխանցման կապուղիները:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են “ՎիվաՍել-ՄՏՍ”-ի մամլո ծառայությունում, պայմանագրի շրջանակներում ընկերությունը GNC-Alfa-ից ձեռք կբերի Երեւանից մինչեւ հայ-վրացական սահման ձգվող օպտիկամանրաթելային մալուխ: Համակարգի այդ հատվածը կգործարկվի 2010 թվականին:

Այս տարվա նոյեմբերի 17-ին “ՎիվաՍել-ՄՏՍ-ը” եւ GNC-Alfa-ն պայմանագիր էին ստորագրել, որով “ՎիվաՍել-ՄՏՍ”-ը հնարավորություն էր ստացել ցանց ստեղծել ամբողջ հանրապետության տարածքում եւ միանալ տվյալների փոխանցման միջազգային ցանցերին: Հարավում GNC-Alfa-ի մալուխը միակցված է Իրանի ընդարձակ օպտիկամանրաթելային մալուխային ցանցին եւ ելք է ապահովում դեպի համաշխարհային հեռահաղորդակցության ցանցերը:

Միանալով միջազգային ցանցերին` “ՎիվաՍել-ՄՏՍ”-ը կարող է մեծացնել իր կապուղիների թողունակությունը` բաժանորդների շրջանում լայնաշերտ ինտերնետի ծառայությունների անընդհատ աճող պահանջարկը բավարարելու համար: Ըստ կանխատեսումների, 2010-ից 2013թթ. ընկած ժամանակահատվածում շարժական լայնաշերտ ինտերնետ օգտագործողների թիվը Հայաստանում շեշտակի կաճի:

Մինչ օրս “ՎիվաՍել-ՄՏՍ”-ը տվյալների փոխանցման իր կապուղիների թողունակությունն ավելացրել է շուրջ հինգ անգամ: