10:00 | 15.12.09 | Նորություններ | 3309

Հայաստանը կմասնակցի Նանոտեխնոլոգիաների միջազգային նորարարական կենտրոնի ստեղծմանը

Երեւան /Մեդիամաքս/. Հայաստանի ներկայացուցիչները կմասնակցեն ֆորումին, որում կհիմնադրվի ԱՊՀ երկրների Նանոտեխնոլոգիաների միջազգային նորարարական կենտրոնը:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, ֆորումը կկայանա դեկտեմբերի 17-ին Դուբնայում:

ԱՊՀ երկրների Նանոտեխնոլոգիաների միջազգային նորարարական կենտրոնը կձեւավորվի Միջուկային հետազոտությունների միավորված ինստիտուտի հիմքի վրա` Դուբնայում գործող հատուկ տնտեսական գոտու առավելությունների կիրառմամբ:

Ֆորումի աշխատանքներին կմասնակցեն ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը եւ ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահ Ռադիկ Մարտիրոսյանը:

ՙԿենտրոնի նպատակը գիտահետազոտական համագործակցության նոր գործիքների ստեղծումն է, համատեղ մուտքը միջազգային մրցակից շուկաներ, ԱՊՀ երկրներում նորարարական զարգացման մեջ առավելությունների հասնելը, ինչպես նաեւ համատեղ գործողությունների կազմակերպումը նորարարությունների ոլորտում՚,- ՙՌոսսիյսկայա գազետա՚ թերթին ասել է Միջուկային հետազոտությունների միավորված ինստիտուտի տնօրեն, ակադեմիկոս Ալեքսեյ Սիսակյանը: Նա նշել է, որ բացի գիտական աշխատանքից, կենտրոնը զբաղվելու է նաեւ գիտական արդյունքների առեւտրականացմամբ միջուկային ֆիզիկայի եւ նանոտեխնոլոգիաների ոլորտում:

Դեկտեմբերի 17-ին ստորագրվելու են ոչ միայն հիմնադրման փաստաթղթերը եւ ընտրվելու են ղեկավար մարմինները, այլեւ ստեղծվելու է ղեկավարող ընկերություն, որը զբաղվելու է նախագծերի առեւտրականացմամբ: