14:18 | 04.12.09 | Նորություններ | 3809
Երեւան /Մեդիամաքս/. Deep Purple աշխարհահռչակ ռոք-խմբի մենակատար Իէն Գիլանը 2010թ. մարտի 26-ին եւ 27-ին Երեւանում հանդես կգա երկու բարեգործական համերգներով` Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի նվագակցությամբ:
Այս մասին այսօր Երեւանում հայտարարել են համերգների կազմակերպիչ` Մեդիամաքս գործակալության տնօրեն Արա Թադեւոսյանը, համերգների գլխավոր հովանավոր` բջջային օպերատոր «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը եւ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի դիրիժոր եւ գեղարվեստական ղեկավար Էդուարդ Թոփչյանը:
Իէն Գիլանի բարեգործական համերգները տեղի կունենան «Ռոքն օգնում է Հայաստանին/Հայաստանը շնորհակալ է ռոքին» (Rock Aid Armenia/Armenia Grateful 2 Rock) նախագծի շրջանակներում, որոնք իրականացնում են Մեդիամաքսը եւ ավստրալիական Do Something կազմակերպությունը` ՀՀ Նախագահի բարձր հովանու ներքո: Երկու համերգից գոյացած հասույթն ուղղվելու է տնակային պայմաններում գործող Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոցի վերակառուցմանը: Ս.թ. հոկտեմբերի 1-ին Իէն Գիլանը եւ այլ ռոք աստղեր այցելեցին այդ դպրոց եւ խոստացան աջակցել վերակառուցման հարցում:
«Ծրագիրը կորպորատիվ պատասխանատվության ոլորտում կորպորատիվ սեկտորի եւ լրատվամիջոցի գործընկերության հիանալի օրինակ է: Այն փաստը, որ նախագծի շրջանակներում իրենց ջանքերն են միավորել «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը` Հայաստանի խոշոր ընկերություններից մեկը, եւ Մեդիամաքսը` տեղեկատվական դաշտում իր ուրույն տեղն ունեցող ընկերությունը, վկայում է այն մասին, որ բիզնեսի մեծությունը նշանակություն չունի, եթե ընկերություններին միավորում են միասնական գաղափարներն ու նպատակները»,- ասել է «ՎիվաՍել-ՄՏՍ»-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:
Մեդիամաքսի տնօրենն ընդգծել է, որ «տոմսերի գները մատչելի են լինելու»:
«Ցավոք, վերջին ժամանակներս Հայաստանում տարածված է այն կարծիքը, որ եթե համերգը բարեգործական է, ապա տոմսերի գները պետք է անչափ բարձր լինեն: Մենք անթույլատրելի ենք համարում թանկ տոմսերի պատճառով երկրպագուներին իրենց կուռքի հետ հանդիպելու հաճույքից զրկելը»,- ասել է Արա Թադեւոսյանը:
Նա նաեւ հայտնել է, որ մինչեւ տարեվերջ «ՎիվաՍել-ՄՏՍ»-ը եւ Մեդիամաքսը միասին կայցելեն Գյումրիի թիվ 6 երաժշտական դպրոց, որպեսզի Նոր տարվա շեմին երաժշտական գործիքներ կնվիրեն նրա սաներին: