12:35 | 25.11.09 | Նորություններ | 3124

    Ինտերնետային ակումբները կազատվեն պարտադիր լիցենզավորումից

    Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը /ՀԾԿՀ/ փոփոխություններ եւ լրացումներ է կատարել տվյալների փոխանցման եւ ինտերնետ կապի ծառայությունների լիցենզավորման կարգի մեջ:

    Ինչպես այսօր հայտնել է հանձնաժողովի հեռահաղորդակցության վարչության պետ Գեւորգ Գեւորգյանը, պարտադիր լիցենզավորումից կազատվեն հասարակական վայրերում տվյալների փոխանցման եւ ինտերնետ կապի ծառայություններ մատուցող իրավաբանական անձինք /ինտերնետային ակումբներ/:

    Գեւորգ Գեւորգյանը նշել է, որ այդ ծառայությունների հիմնական սպառողները ուսանողներն ու աշակերտներն են, ովքեր չեն կարող բիզնեսի բարձր շահույթ ապահովել: ՀԾԿՀ ներկայացուցիչն ասել է, որ ինտերնետային ակումբները պարտադիր լիցենզավորումից ազատելով` հանձնաժողովը կնպաստի դրանց առաջարկած ծառայությունների սակագների իջեցմանը: