12:49 | 11.11.09 | Նորություններ | 2923

“ՎիվաՍել-ՄՏՍ”-ը առաջարկում է SMS-ներ ուղարկել համակարգչից

Երեւան /Մեդիամաքս/. “ՎիվաՍել-ՄՏՍ”-ը գործարկել է “Օնլայն SMS” նոր ծառայությունը, որը  հնարավորություն է տալիս SMS հաղորդագրություններ ուղարկել համակարգչից:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են “ՎիվաՍել-ՄՏՍ”-ի մամլո ծառայությունում, ընկերության բաժանորդները կարող են գրանցվել ընկերության SMS պորտալում (http://sms.vivacell.am/Login.aspx) եւ հաղորդագրության տեքստը մուտքագրել անմիջապես համակարգչից: Գրանցման համար անհրաժեշտ է SMS բառն ուղարկել 767 կարճ համարին, որից հետո բաժանորդը կստանա գաղտնաբառ իր էջ մուտք գործելու համար:

SMS պորտալում բաժանորդները հնարավորություն կունենան պահպանել իրենց հեռախոսահամարներն ու խմբավորել դրանք, ստեղծել SMS նմուշներ, ծրագրել հաղորդագրությունների ուղարկումը եւ այլն: Պորտալի միջոցով դեպի “ՎիվաՍել-ՄՏՍ”-ի ցանց մեկ հաղորդագրության արժեքը կազմում է 15 դրամ, իսկ դեպի այլ ցանցեր` 20 դրամ: