11:02 | 29.10.09 | Նորություններ | 3040
Երեւան /Մեդիամաքս/. ԱՄՆ-ում նոյեմբերի 5-8-ը կայանալիք ArmTech 2009 համաժողովի նախապատրաստման ընթացքը չորեքշաբթի օրը քննարկվել է Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման եւ աջակցման խորհրդի /ՏՏԶԱԽ/ ընդլայնված նիստում` ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի նախագահությամբ:
Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ին հայտնել են ՀՀ կառավարության մամլո ծառայությունում, նիստի ընթացքում հայաստանյան ՏՏ ոլորտի ընկերություններին առաջարկվել է գործնական մասնակցություն ունենալ Սիլիկոնային հովտում հայաստանյան գրասենյակի ներկայության ապահովման աշխատանքներին:
Սկսնակ ընկերություններին աջակցություն ցուցաբերելու նպատակով ստեղծվել է “Նորարարության եւ ձեռներեցության կենտրոնի կոնցեպցիան”, որը մշակվել է հատուկ այդ նպատակով ներգրավված խորհրդատուի կողմից:
ՏՏԶԱԽ ռազմավարական աշխատանքային խմբի ղեկավար Ա© Քուչուկյանը ներկայացրել է առաջնահերթությունների ծրագրի կատարման ընթացքը« մասնավորապես, Հայաստանում էլեկտրոնային կառավարման համակարգի եւ էլեկտրոնային հասարակության ձեւավորման միասնական ժամանակացույցը: Նա նաեւ մանրամասնել է կատարված մյուս աշխատանքները« որոնք նպաստում են կրթական ոլորտում համակարգչային գրագիտության տարածմանը: Նրա խոսքերով, ուշագրավ է հատկապես “Ուսում 1” ծրագիրը« որը դեռ փորձարկման փուլում է: Քննարկվել են նաեւ այդ ծրագրի հաջորդ փուլերում մասնավոր հատվածի ներկայացուցիչների եւ ուսումնական հաստատությունների ներգրավման հնարավորությունները: