09:33 | 19.10.09 | Նորություններ | 3169
Երեւան /Մեդիամաքս/. ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը հասկանում է շուկայի մասնակիցների անհանգստությունը “Համակարգիչ բոլորի համար” փորձնական ծրագրի իրականացման կապակցությամբ եւ մի շարք հանդիպումներ է անցկացրել շուկայի մասնակիցների հետ:
Այդ մասին ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի հետ հարցազրույցում հայտնել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության բարձր եւ տեղեկատվական տեխնոլոգիաների վարչության պետ Վաչե Կիրակոսյանը:
Նրա խոսքերով, ընկերություններն անհանգստություն են արտահայտել այն կապակցությամբ, որ “Յունիկոմպ” ընկերությունը, հանդիսանալով Հայաստանում Hewlett Packard (HP)-ի (որի հետ համագործակցությամբ իրականացվում է փորձնական ծրագիրը) գործընկերը, մրցակցային առավելություն է ստացել համակարգչային տեխնիկայի մանրածախ շուկայի մնացած մասնակիցների նկատմամբ:
“Մենք նրանց բացատրել ենք, որ շուտով փորձնական ծրագիրն ավարտվելու է, եւ այն համակարգիչներ վաճառելու նպատակ չի հետապնդում”, - ասել է Վաչե Կիրակոսյանը` բացատրելով, որ նախարարությունը եւ “Ձեռնարկությունների ինկուբատոր” հիմնադրամը ձգտում են մշակել նախագծի հիմնական փուլի իրագործման վերջնական մեխանիզմ:
“Կմշակվի մեխանիզմ, որի միջոցով ծրագրին կկարողանան մասնակցել շուկայի բոլոր ցանկացող մասնակիցները` որոշակի պահանջների համապատասխանելու նախապայմանով”, - ասել է Վաչե Կիրակոսյանը` նշելով, որ պահանջները վերաբերելու են ինչպես համակարգչային տեխնիկայի խանութների արտաքին տեսքին, այնպես էլ մատուցվող ծառայությունների որակին: Հաջորդ պարտադիր պահանջը արտոնագրված ծրագրային ապահովում ունեցող համակարգիչների վաճառքն է:
“Այն մեխանիզմը, որը մենք մշակում ենք, կապված չէ որեւէ կոնկրետ ընկերության արտադրանքի վաճառքի հետ”, - վստահեցրել է Վաչե Կիրակոսյանը: Նա հայտնել է, որ “Համակարգիչ բոլորի համար” ծրագրի մեխանիզմի մշակումը նախատեսվում է ավարտել մինչեւ տարեվերջ եւ դրա իրագործումը սկսել հաջորդ տարվա սկզբին: