16:42 | 09.10.09 | Նորություններ | 3925
Երեւան /Մեդիամաքս/. Տեղեկատվական տեխնոլոգիաների /ՏՏ/ բնագավառում համաշխարհային ճանաչում ունեցող ABBYY ընկերության հիմնադիր եւ տնօրենների խորհրդի նախագահ Դավիթ Յանը այսօր Երեւանում վարպետության դաս է անցկացրել, որի ընթացքում ներկայացրել է բիզնեսում իր հաջողության պատմությունը:
Ինչպես հայտնում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, վարպետության դասը կազմակերպել էր “Այբ” կրթական հիմնադրամը, որի հիմնադիրների խորհրդի նախագահն է Դավիթ Յանը:
Վերջինս հատուկ ընդգծել է, որ “որակյալ կրթության եւ բիզնեսում հաջողության միջեւ կապը անմիջական է”: Բացի այդ, նրա կարծիքով, այն մարդիկ, ովքեր ուզում են հաջողության հասնել բիզնեսում, պետք է մեծ ձգտում ունենան եւ տիրապետեն մրցակցության ոգուն:
Դավիթ Յանը ներկայացրել է ABBYY ընկերության պատմությունը, որը 1989թ. ստեղծման պահից հսկայական ճանապարհ է անցել եւ այսօր ունի 30 մլն հաճախորդներ աշխարհի 130 երկրներում: Այսօր աշխարհի սքաներների կեսը վաճառվում է ABBYY Fine Reader ծրագրի հետ միասին:
Դավիթ Յանը նշել է, որ ABBYY ընկերության հաջողության հիմնական գրավականը թիմն էր: Վարպետության դասի մասնակիցների` բիզնես-նախագծի “հաջողության բանաձեւի” մասին հարցին պատասխանելիս, Դավիթ Յանը ներկայացրել է այն հետեւյալ կերպ.
5% - գաղափար;
70% - թիմ;
25% - բախտ:
Դավիթ Յանի խոսքերով, “գաղափարի ծնունդից մինչեւ դրա իրականացումն ընկած ժամանակը կարող է տեւել մինչեւ 2 տարի, որի ընթացքում շուկայի պահանջը կարող է կտրուկ փոխվել, բայց եթե ձեզ հաջողվել է լավ թիմ հավաքել, այն միեւնույն է կարող է ճիշտ որոշումներ գտնել ցանկացած իրավիճակում”:
Վարպետության դասի ընթացքում Դավիթ Յանը ներկայացրել է նաեւ իր մյուս նախագծերը, մասնավորապես, աշխարհում գրպանի առաջին համակարգիչը` Cybiko-ն, որը ստեղծվել էր 1999 թ-ին ընդամենը 7 ամսվա ընթացքում եւ հսկայական հաջողություն ունեցավ ԱՄՆ շուկայում: