13:48 | 07.10.09 | Հարցազրույցներ | exclusive 4511
“ԼՍՈՖՏ” ընկերության տնօրեն Լարիսա Լալայանի հարցազրույցը Մեդիամաքս գործակալությանը եւ Banks.am ու Itel.am կայքերին
“ԼՍՈՖՏ” ընկերությունը հիմնադրվել է 1995 թվականին, մասնագիտացած է ֆինանսական համակարգի համար ծրագրային ապահովման մշակման և սպասարկման գործում` շուկայի մասնակիցներին առաջարկելով համալիր լուծումներ տարբեր ուղղություններով: Ընկերությունը հանդիսանում է նաեւ Oracle ընկերության պաշտոնական գործընկերը Հայաստանում:
2000թ. “ԼՍՈՖՏ” ընկերությունը արժանացել է Gold Star Award for Quality մրցանակի Business Initiative Directions (BID)-ի կողմից: 2008թ. հոկտեմբերին ընկերությանը շնորհվել է Որակի կառավարման համակարգի (ՈԿՀ) ISO 9001:2000 միջազգային ստանդարտի պահանջներին համապատասխանության վկայագիր:
- Իրենց մրցակցային առավելությունների թվում բանկերը սկսել են կարեւոր տեղ հատկացնել նոր տեխնոլոգիաների ներդրմանը: Ինչպիսի՞ լուծումներ է առաջարկում “ԼՍՈՖՏ”-ը բանկային համակարգին:
- Բանկային համակարգում նորագույն IT-տեխնոլոգիաների թափանցելիության մակարդակը մեծանում է բանկերի ֆունկցիոնալ հնարավորությունների ընդլայնմանը, մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը եւ, միաժամանակ, աշխատանքային գործընթացները օպտիմիզացնելու ձգտմանը զուգահեռ: Եվ այդ իմաստով, բանկի IT-բաղադրիչը պետք է հուսալի հիմք հանդիսանա բոլոր բիզնես-գործընթացների համար:
Մեր ընկերության գործունեության հիմնական ուղղությունն է մշակել եւ ներդնել ծրագրային ապրանքատեսակներ, որոնք ուղղված են ֆինանսական կազմակերպությունների գործունեության ավտոմատացմանը: Առեւտրային բանկերի մասով վերջին երկու տարիների ընթացքում մեր կողմից մշակվել եւ ներդրվել է LSBank Ավտոմատացված բանկային համակարգը (ԱԲՀ), որն աշխատում է on-line ռեժիմում: Դա սկզբունքորեն նոր մոտեցում է, որը թույլ է տալիս որակապես նոր մակարդակի հասցնել բանկերի աշխատանքը:
Համակարգն ուղղված է բանկի աշխատանքի կենտրոնացմանը, բոլոր աշխատանքային գործընթացների արդյունավետության եւ վերահսկելիության բարձրացմանը: Բացի այդ, LSBank-ի ներդրման շնորհիվ ապահովվում է տվյալների մշակման առավելագույն օպերատիվությունը, օրական մեծ քանակությամբ հաճախորդներ սպասարկելու հնարավորությունը, որոնք հնարավորություն են ստանում ծառայություններից օգտվել բանկի ցանկացած մասնաճյուղում, անկախ այն բանից, թե մասնաճյուղերից որում են իրենք գրանցված:
LSBank համալիր ԱԲՀ-ը կառուցված է միասնական հաշվապահական առանցքի շուրջ եւ ներառում է Կենտրոնական բանկի եւ առեւտրային բանկերի աշխատանքի բոլոր հիմնական ուղղությունները: Միեւնույն ժամանակ, նախատեսված է կոնկրետ հաճախորդի պահանջներին համակարգը հարմարեցնելու հնարավորություն:
Մենք արդեն ավարտել ենք ծրագրի on-line տարբերակի ներդրումը մեր ամենախոշոր հաճախորդներից երկուսի մոտ` “ՎՏԲ- Հայաստանում բանկ”-ում եւ “Յունիբանկ”-ում եւ պատրաստվում ենք ներդնել այն “Արցախբանկ”-ում եւ “Անելիք բանկ”-ում:
Մեր ընկերության կողմից մշակվել են նաեւ ապրանքատեսակներ հեռահար բանկային սպասարկման ոլորտում` մասնավորապես “Բանկ-Հաճախորդ”, “Հեռախոս-Հաճախորդ”, SMS-Բանկինգ համակարգերը:
- Որքանո՞վ է լայն ձեր ապրանքատեսակների ծածկույթը, շուկայի ո՞ր հատվածներն է այն ներառում:
- Մեր բոլոր արտադրատեսակների հիմքում դրված է աշխատանքային գործընթացների ավտոմատացման մեխանիզմը, որն ուղղված է ֆինանսական շուկայի բոլոր մասնակիցներին: Մասնավորապես, մեր ընկերության կողմից մշակվել եւ ներդրվել են ավտոմատացված համակարգեր Կենտրոնական բանկի (LSBank), վարկային կազակերպությունների (LSLoan) եւ գրավատների համար (LSLombard): Իրագործվել է LSFinance ծրագիրը` Հայաստանի բոլոր գանձապետարանների եւ Ֆինանսների նախարարության վարչությունների մեծ մասի գործունեության լրիվ ավտոմատացումը, ինչպես նաեւ պետական բյուջեի կազմավորման եւ տպագրման ծրագիրը (LSBudget):
Մեր ծրագրային ապրանքատեսակները դուրս են գալիս ֆինանսական շուկայի շրջանակներից: Մասնավորապես, Կրթության նախարարության պատվերով մեր կողմից մշակվել է Հայաստանի հանրակրթական դպրոցների գործունեության վիճակագրական տվյալների հաշվարկման համակարգը:
- Չի՞ ազդել ճգնաժամը նոր նախագծերի իրականացման վրա:
- Առանձնակի “արգելակում” նոր նախագծերի իրագործման մեջ մենք չենք զգում: Պատճառներից մեկն այն է, որ գաղափարից մինչեւ դրա իրագործումը` ծրագրային արտադրանքի տեսքով, շատ ժամանակ է անցնում, եւ այդ ժամանակի ընթացքում պատվիրատուները կարող են պլանավորել իրենց բյուջեն` հաշվի առնելով ապագա ներդրումները:
Միեւնույն ժամանակ բնական եմ համարում, որ ճգնաժամի պայմաններում ընկերությունները զգույշ են երկարատեւ եւ հարաբերականորեն թանկարժեք նախագծերի իրականացման հարցում:
- Որո՞նք են ձեր ընկերության առավելությունները:
- Մենք արտադրում եւ ուղեկցում ենք յուրահատուկ ապրանքատեսակներ, որոնք նախատեսված չեն զանգվածային սպառողի համար: Այդ կապակցությամբ կարելի է հասկանալ, որ մշակող ընկերություններն այս ոլորտում շատ չեն, սակայն մասնակիցների քանակության տեսակետից շուկան նույնպես մեծ չէ:
Անկասկած, մրցակցություն կա, այդ պատճառով “ԼՍՈՖՏ”-ի զարգացման ռազմավարությունը հիմնվում է պատվիրատուների պահանջների եւ առաջարկների մշտական ուսումնասիրության եւ դրանց արձագանքման, ապրանքատեսակների շարքի նորացման անհրաժեշտության վրա: Միակ խնդիրը կայանում է նրանում, որ պատվիրատուները ոչ միշտ են հստակ պատկերացնում, թե ինչ է իրենց անհրաժեշտ, չեն ունենում մանրամասն մշակված եւ ձեւակերպված պահանջներ:
Օգտվելով առիթից` կցանկանայի բարձր գնահատական տալ Oracle-ի հետ մեր բիզնես-գործընկերությանը, որը իրավունք է տալիս մեզ ներկայացնել այդ ընկերության արտադրանքը, իրականացնել ծրագրային ապահովման տեղադրումը, տրամադրել տեխնիկական խորհրդատվություն` մեր պատվիրատուների համար զեղչված գներով:
Բացի այդ, այսօր մենք դուրս ենք գալիս բիզնես-գործընթացների կազմակերպման նոր մակարդակ, մեծ մասամբ շնորհիվ Որակի Կառավարման Համակարգի (ՈԿՀ) ներդրմանը:
- Կարծիք կա, որ ՈԿՀ-ն սահմանափակվում է գործավարության մեջ փաստաթղթերի որոշակի հավաքածուի ներդրմամբ եւ արտոնագիր ստանալով: Ի՞նչ նշանակություն ունի Ձեզ համար այդ համակարգը:
- Առաջին հերթին դա մտածելակերպի եւ կարծրատիպերի ձեւափոխումն է, աշխատանքի եւ կառավարման կազմակերպման նոր մեթոդների որոնումը: ՈԿՀ-ն գործիքների հավաքածու է, որը հմուտ օգտագործման դեպքում թույլ է տալիս բացահայտել ընկերության ուժեղ եւ թույլ կողմերը, զարգացնել եւ բարելավել այն:
ՈԿՀ-ն գործընթացների անընդհատ բարելավումն է կազմակերպության ներսում: Ընդ որում, բարելավումը երբեք ինքնանպատակ չի եւ միշտ ուղղված է պատվիրատուների պահանջների բավարարմանը: Մենք ներգրավում ենք պատվիրատուներին ընկերության գործունեության բարելավման գործընթացում, համատեղ բացահայտում ենք ՙնեղ կողմերն՚ աշխատանքում եւ վերացնում դրանք: Միեւնույն ժամանակ մենք հանդես ենք գալիս առաջարկներով, իսկ երբեմն ներկայացնում ենք մեր պահանջները, որոնք ուղղված են համատեղ աշխատանքի արդյունավետությանը եւ որակի բարձրացմանը: Մենք շնորհակալ ենք մեր հաճախորդներին այն բանի համար, որ նրանք գիտակցում են փոփոխությունների կարեւորությունն ու անհրաժեշտությունը, օգնում են մեզ եւ նույնիսկ նախաձեռնություն են ցուցաբերում: