17:38 | 22.09.09 | Նորություններ | 3898
Երեւան /Մեդիամաքս/. “Վիմպելկոմ” ԲԲԸ գլխավոր տնօրեն Ալեքսանդր Տորբախովը այսօր ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալության հետ հարցազրույցում հերքել է ենթադրություններն այն մասին, թե ընկերության թոփ-մենեջմենթի այցը Երեւան որեւէ կերպ կապված է հայաստանյան շուկա Orange Armenia ընկերության առաջիկա մուտքի հետ:
Ալեքսանդր Տորբախովը նկատել է, որ “Վիմպելկոմը” գործում է 10 երկրներում, եւ ընկերության ղեկավարությունը հետեւողականորեն այցելում է բոլոր տարածաշրջաններ, ինչպես նաեւ հայաստանյան շուկա France Telecom-ի առաջիկա մուտքի կապակցությամբ հատուկ ջանքերի անհրաժեշտություն չի տեսնում: Նրա խոսքերով, “Վիմպելկոմը” բիզնես վարելու տարբեր ռազմավարություններ ունեցող ընկերությունների հետ մրցակցելու հարուստ փորձ ունի”:
“Մենք ներկա ենք ԱՊՀ բազմաթիվ երկրներում, իսկ այժմ նաեւ` Հարավ-Արեւելյան Ասիայում, այնպես որ, մրցակցությունը Orange Armenia-ի հետ մեզ համար ինչ-որ բացահայտում չի դառնա”, - նշել է “Վիմպելկոմի” գլխավոր տնօրենը:
Պատասխանելով ՀՀ շուկա երրորդ օպերատորի մուտքից հետո սակագների հնարավոր իջեցման մասին հարցին` Ալեքսանդր Տորբախովն ասել է, որ “անհնար է գինը շուկայական առաջարկի այլ բաղադրիչներից առանձին դիտարկել, մասնավորապես, որակից եւ բազմազանությունից”: Ընկերության ղեկավարը վստահություն է հայտնել, որ բաժանորդներն ոչ միշտ են վազում էժան առաջարկների ետեւից:
“Գնային մրցակցության հարցում մենք երբեւէ չենք վազում շոգեքարշի ետեւից: Փորձը ցույց է տալիս, որ շուկաներում միշտ լինում են ավելի էժան առաջարկներ, սակայն Beeline-ը առաջատարի դիրք է զբաղեցնում նոր ապրանքատեսակների որակի եւ բազմազանության հաշվին”, - ամփոփել է “Վիմպելկոմ” ԲԲԸ գլխավոր տնօրենը: