France Telecom ընկերությունների խմբի փոխնախագահ Օլաֆ Սուանտի
France Telecom-ի անհատական ծառայությունների գծով ղեկավար Անն Բուվրո
France Telecom-ի գլխամասային ադմինիստրատիվ շենքը Փարիզում
Orange ապրանքանիշի պատմության ներկայացումը
Orange տեխնոկենտրոնի գործունեության արդյունքների ներկայացումը
Orange-ի ֆիրմային խանութը Փարիզի կենտրոնում
Orange-ի ֆիրմային խանութը Փարիզի կենտրոնում
15:49 | 22.09.09 | Նորություններ | 4072
Երեւան /Մեդիամաքս/. Orange Armenia-ն մտադիր է մոտ ապագայում առաջինը դառնալ հայաստանյան լայնաշերտ ինտերնետի բնագավառում եւ երկրորդը` բջջային կապի ոլորտում, հայտարարել է France Telecom ընկերությունների խմբի փոխնախագահ Օլաֆ Սուանտին:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, Օլաֆ Սուանտին այդ մասին ասել է սեպտեմբերի 17-ին` հայաստանյան լրագրողների` Փարիզ կատարած այցի ընթացքում:
Պատասխանելով Հայաստանում ինտերնետային ծառայությունների տրամադրման աղբյուրի մասին ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի հարցին` Օլաֆ Սուանտին ասել է, որ սկզբնական ժամանակահատվածում Orange Armenia-ն ինտերնետ է գնելու հայաստանյան մեծածախ պրովայդերներից, ապա քննարկելու է միջազգային ինտերնետ-մայրուղիներին առաջնային հասանելիության հնարավորությունը:
France Telecom-ի փոխնախագահը հայտարարել է շարժական ինտերնետը ՀՀ բնակչության լայն զանգվածների համար մատչելի դարձնելու եւ երկրի հեռահաղորդակցային շուկայում «ամենասիրելի» ապրանքանիշը դառնալու Orange Armenia-ի մտադրության մասին:
«Կարծում ենք, որ կհասնենք այդ նպատակին, քանի որ մենք կունենանք, նախեւառաջ, ամենամեծ ցանցը, երկրորդ, սերտ համագործակցություն սարքավորումներ արտադրողների հետ, երրորդ, ճկուն գնային քաղաքականություն շուկայի տարբեր հատվածների համար, եւ չորրորդ, հետաքրքիր բովանդակության շնորհիվ շարժական ինտերնետը կդառնա ավելի հարմարավետ», - ասել է Օլաֆ Սուանտին: Նա նաեւ վստահություն է հայտնել, որ Orange Armenia-ն տարբերվելու է իր նորարարություններով, աշխատակիցների արհեստավարժությամբ եւ սպասարկման բարձր որակով:
France Telecom-ի անհատական ծառայությունների գծով ղեկավար Անն Բուվրոն նշել է, որ Orange Armenia-ն մտադիր է զարմացնել հայ սպառողին իր ծառայությունների գործարկելիս: Պատասխանելով ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի հարցին` նա ասել է, որ ՀՀ բջջային ծառայությունների շուկայում հնարավորություն կա տարբեր գնային առաջարկներ անել եւ հաջողության հասնել առանց դեմփինգային քաղաքականության կիրառման: «Դրանից բացի, քննարկվում են տարբեր մարքեթինգային քայլեր Հայաստանում մեր ծառայությունների գործարկման համար, որոնք դեռեւս գաղտնի են մնում», - ասել է Անն Բուվրոն:
Օլաֆ Սուանտին ընդգծել է, որ համաշխարհային ճգնաժամը չի ազդի Հայաստանում France Telecom-ի ներդրումային ծրագրերի վրա: Նա նկատել է, որ Orange-ի փորձը վկայում է բարդ գործարար կլիմա ունեցող երկրներում հաջողությամբ աշխատելու ունակության մասին: