10:02 | 28.08.09 | Նորություններ | 3088

“ՎիվաՍել-ՄՏՍ”-ը սկսել է “Մեքենա վարելիս մի` խոսիր” ակցիան

Երեւան /Մեդիամաքս/. “ՎիվաՍել-ՄՏՍ” բջջային օպերատորը հայտարարել է “Մեքենա վարելիս մի` խոսիր” ակցիայի մեկնարկի մասին:

Ինչպես ՄԵԴԻԱՄԱՔՍ-ի հետ հարցազրույցում ասել է ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, բջջային օպերատորը բոլոր վարորդներին կոչ է անում չօգտագործել բջջային հեռախոսներ ավտոմեքենա վարելիս` չկատարել եւ չընդունել զանգեր, չգրել եւ չընթերցել SMS հաղորդագրություններ:

“Կարող է տարօրինակ թվալ, որ բջջային օպերատորը բաժանորդներին կոչ է անում սահմանափակել բջջային հեռախոսի օգտագործումը, սակայն մենք պատրաստ ենք մեր եկամուտների մի մասը զիջել հանուն մարդկանց կյանքի պահպանման: Բացի այդ, մենք անհրաժեշտ ենք համարում բարձրացնել մեր հասարակության տեղեկացվածությունը կենսական հարցերի շուրջ”, - ասել է Ռալֆ Յիրիկյանը:

“Ցավոք, վիճակագրությունը վկայում է, որ վարելու ընթացքում բջջային հեռախոսի օգտագործումից առաջացած ճանապարհատրանսպորտային պատահարների թիվն անշեղորեն աճում է”, - ասել է “ՎիվաՍել-ՄՏՍ”-ի տնօրենը:

Ռալֆ Յիրիկյանը նշել է, որ օպերատորը լայն արշավ է ծավալելու “Մեքենա վարելիս մի` խոսիր” ակցիայի շրջանակներում:

Վիճակագրության համաձայն, ճանապարհատրանսպորտային պատահարների շուրջ 25 տոկոսը պայմանավորված է վարորդների կողմից բջջային հեռախոսի օգտագործմամբ: