13:52 | 27.08.09 | Նորություններ | 3131

Կայացավ հայ հաշմանդամներին աշխատանքի տեղավորելուն ուղղված կայքի շնորհանդեսը

Երեւան /Մեդիամաքս/. “Ունիսոն” հասարակական կազմակերպությունը այսօր ներկայացրել է “Իրացրու’ աշխատանքի քո իրավունքը” կայքը /www.jobs.disability.am/:

Ինչպես նշել է “Ունիսոնի” գործադիր տնօրեն Արմեն Ալավերդյանը, կայքը մշակվել է աշխատանք փնտրող հաշմանդամներին աջակցելու նպատակով: Նա ընդգծել է, որ այսօր Հայաստանում աշխատունակ հաշմանդամների միայն 8 տոկոսն է ապահովված աշխատանքով:

Նրա խոսքերով, “Ունիսոն” ընկերությունը սերտորեն համագործակցում է Vivacell-MTS ընկերության հետ, որտեղ արդեն աշխատում են հաշմանդամներ: Արմեն Ալավերդյանը տեղեկացրել է նաեւ, որ պայմանավորվածություններ են ձեռք բերվել France Telecom եւ ICon Communications ընկերությունների հետ` հաշմանդամներին աշխատանքի տեղավորելու վերաբերյալ:

www.jobs.disability.am կայքի այցելուները կարող են ծանոթանալ աշխատանք փնտրելու, հարցազրույց անցնելու եւ ռեզյումե կազմելու մասին գործնական խորհուրդներին: Այստեղ կարելի է նաեւ տեղեկատվություն գտնել հաշմանդամների մասնագիտացված կրթության, աշխատանքային արտոնությունների եւ նրանց աշխատանքի ընդունող գործատուների խրախուսման մեխանիզմների մասին:

Կայքը մշակվել է “Հավասար հնարավորությունների ստեղծում” ծրագրի շրջանակներում, որը Հայաստանում իրագործվում է 2006թ. հոկտեմբերից Բաց հասարակության ինստիտուտի հայաստանյան մասնաճյուղի եւ Նիդեռլանդների կառավարության օժանդակությամբ: