14:00 | 17.06.09 | Հարցազրույցներ | 5416

Հայկական ռեսուրսների զարգացման դինամիկան այնքան էլ ոգեւորիչ չէ

Circle.Am  վարկանիշային համակարգի ղեկավար Ավետիս Ավագյանի հարցազրույցը ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությանն ու Itel.am կայքին

- Circle.Am-ն առաջին ռեսուրսն է, որը հայաստանյան, կամ, ինչպես Դուք եք նշում, “հայկական կողմնորոշում ունեցող” կայքերին առաջարկում է մասնակցել վարկանշմանը եւ ծանոթանալ գրանցված կայքերի այցելությունների վիճակագրությանը: Ե՞րբ է ստեղծվել համակարգը եւ տեխնիկական զարգացման ի՞նչ ճանապարհ է անցել:

- Circle.Am-ը գործարկվել է 2001 թվականին: Այն ժամանակ գոյություն ուներ HyeTopia հայկական վարկանիշային նախագիծը, որը հետագայում փակվեց եւ վերաբացվեց միայն վերջերս: Երկար ժամանակ Circle.Am-ը նմանատիպ միակ հայաստանյան կայքն էր: Այժմ այն ունի մի քանի մրցակից:
Circle.Am-ը մշտապես արդիականացվում է: Մեր արխիվում կարելի է գտնել զարգացման բոլոր մանրամասները, բոլոր փոփոխությունները: Circle.Am-ն երկու անգամ ամբողջությամբ վերակազմավորվել է, իսկ փոքր կամ միջին ծավալի փոփոխություններ տեղի են ունենում գրեթե միշտ: Որոշ փոփոխություններ առաջարկվում են վարկանշման մասնակիցների կողմից, որոշ առաջարկներ անում են մեր ընկերները: Ես, իհարկե, ունեմ համակարգի հետագա զարգացման իմ ծրագիրը, սակայն, եթե որեւէ մեկն ունի գաղափարներ, ցանկություններ կամ պարզապես քննադատություն, ես հաճույքով կլսեմ դրանք: 

- Ինչպե՞ս կգնահատեք հայաստանյան ռեսուրսների զարգացման դինամիկան քանակային եւ որակային տեսանկյունից:

- Ցավոք, հայաստանյան ռեսուրսների զարգացման դինամիկան այնքան էլ ոգեւորիչ չէ, թե քանակական, թե որակական ցուցանիշները կարող էին ավելի լավը լինել:

Նոր ռեսուրսների ընդհանուր քանակը ցանկալիից քիչ է: Խնդիրը, հավանաբար, այն է, որ հայկական բիզնեսը դեռեւս անքան էլ չի հատվում ինտերնետի հետ: Բացի այդ, կազմակերպություններն ու պետական կառույցները, որպես կանոն, կայքեր են ստեղծում (եթե ստեղծում են) պարզապես ստեղծելու համար: Տեղեկատվությունը տեղադրվում է, ապա տարիներով ոչինչ չի փոխվում:

Իրավիճակը վատը չէ լրատվական ռեսուրսների պարագայում. կան տեղեկատվական մի շարք լավ կայքեր: Բլոգերի ոլորտը եւս վերելք է ապրում:

Սակայն մեկ նոր լավ ռեսուրսին սովորաբար բաժին են հասնում բազմաթիվ անհաջողները: Նոր ռեսուրսներում հաճախ հանդիպում են, այսպես կոչված, “պորտալներ”, որոնք լցվում են այլ կայքերից վերցված երաժշտությամբ կամ տեսահոլովակներով: Նոր քոնթենթ այդ ռեսուրսները չեն ապահովում, էլ չեմ խոսում առանց համապատասխան իրավունքների երաժշության կամ տեսաերիզների հոսթինգի իրավական կողմի մասին:

Վերջերս Circle.Am-ում ավելացվել է գրանցման նոր կանոն. եթե կայքը հիմնականում բաղկացած է այլ մասնակիցների կայքերի արդեն իսկ հասանելի նյութերից, ապա ռեսուրսը գրանցելու հավանականությունը գրեթե զրոյական է դառնում: Գրանցման կանոններում մյուս փոփոխությունը հետեւյալն է` ռեսուրսի ընդհանուր ցածր որակը կարող է հանգեցնել գրանցման մերժմանը: Հուսով եմ, որ դա որոշակի խթան կհանդիսանա ավելի բարձր մակարդակի կայքեր ստեղծելու համար:

- Չե՞ք կարծում, որ ավելի ճիշտ կլիներ, եթե վարկանշմանը մասնակցեին բացառապես հայկական .am դոմեյնային գոտում գրանցված կայքերը:

- Դրա համար հիմքեր չեմ տեսնում: Եթե Circle.Am-ի “amnet” բաժնում կարդաք “top level domains” օգտագործման վիճակագրությունը, հնարավոր է, զարմանաք, որ “հայկական կողմնորոշում ունեցող” կայքերի միայն 50 տոկոսն է օգտագործում “.am” դոմեյնային անվանում: Եթե որեւէ մեկը ցանկանում է օգտագործել .com դոմեյնը, դա ընտրության ազատություն է: Անձամբ ինձ համար “.am”-ն ավելի մեծ իմաստ ունի, սակայն ուրիշներին պարտադրել օգտագործել “.am”-ը, իմ կարծիքով, սխալ է:

Կարծում եմ` պարզապես պետք է ավելի ակտիվ զարգացնել հայկական դոմեյնային գոտին: Գուցե մեր կառավարությունը կարող է աջակցել “.am” գոտու համար պատասխանատու ISOC կազմակերպությանը:

- Ձեր համակարգում գրանցվելիս օգտագործողը չի կարող ինքնուրույն ընտրել բաժինը, եւ տեղադրման կոդն ուղարկվում է որոշակի ուշացմամբ: Ինչո՞վ է դա պայմանավորված: Որքանո՞վ են խիստ Circle.Am-ում ռեսուրսների գրանցման կանոնները:

- Բաժնի ընտրության իրավունքն իսկապես պատկանում է Circle.Am-ին: Դա պայմանավորված է նրանով, որ ցանկանում ենք խուսափել այն իրավիճակից, երբ կայքի սեփականատերն ընտրում է բաժինը` փորձելով դրանում բարձր դիրք զբաղեցնել, այլ ոչ թե ընտրել իրեն իսկապես ամենահամապատասխան բաժինը:

Ինչ վերաբերում է գրանցման հետ կապված ուշացումներին, հուսով եմ, դա արդեն անցյալում է: Նոր ադմինիստրատիվ ինտերֆեյսը լուծել է այդ խնդիրը. այժմ պատասխանը տրամադրվում է մի քանի ժամվա ընթացքում:

Գրանցման կանոնները բավականին պարզ են: Իհարկե, ամեն ինչ հնարավոր չէ հայտնաբերել առաջին իսկ ստուգման ժամանակ, սակայն եթե ավելի ուշ անհամապատասխան որեւէ բան է հայտնաբերվում, կայքը կամ հեռացվում է, կամ, եթե խնդիրն այնքան էլ լուրջ չէ, մենք փորձում ենք կապ հաստատել սեփականատիրոջ հետ` խնդիրը հարթելու նպատակով: Եթե չկա պատասխան կամ որեւէ բան փոխելու ցանկություն, ապա կայքը հեռացվում է վարկանիշից:

Արհեստականորոն “առաջխաղացված” եւ “adult content” կայքերը սովորաբար հեռացվում են առանց նախազգուշացման եւ հնարավորություն չունեն երբեւէ վերադառնալ մեր նախագիծ:

- Circle-ի եւ, օրինակ, Google Analytics-ի արձանագրած այցելությունների թվի տարբերությունն երբեմն կարող է հասնել 30 տոկոսի: Ինչո՞վ է դա պայմանավորված: Նկարագրեք Ձեր համակարգում կիրառվող հաշվարկի տեխնոլոգիան:

- Կան մի շարք պատճառներ: Խնդիրը, ցավոք, հեշտ լուծվողներից չէ: Միգուցե նկատել եք, որ որոշ կայքերում կան տարբեր հաշվիչներ: Եվ նրանք բոլորը ցույց են տալիս տարբեր թվեր: Նույնիսկ Google-ում, եթե բացեք Analytics եւ AdSense էջերը, չեք կարող տեսնել այցելած էջերի քանակը մատնանշող միեւնույն թիվը:

Դրա պատճառները բազմաթիվ են. էջի ո՞ր մասում են գտնվում կոդերը, ինչ տեխնոլոգիաներ եւ բնորոշումներ են դրանք օգտագործում, ինչպիսի՞ն է ինտերնետին միանալու եւ հաշվիչ կայքերի արագությունը, դրանց աշխարհագրությունը եւ այլն: Circle.Am-ի հաճախ տրվող հարցերի բաժնում կարելի է ավելի մանրամասն տեղեկատվություն գտնել խնդրի վերաբերյալ:

- Աշխարհում հաճախ են կատարվում այս կամ այն ռեսուրսի վարկանիշն արհեստականորեն բարձրացնելու փորձեր: Circle.Am-ն ապահովագրվա՞ծ է այդ փորձերից:

- Կան նման գործողությունների բացահայտման որոշ մեխանիզմներ: Հասկանալի պատճառներով ես դրանս մասին չեմ խոսի: Սակայն ինձ թվում է, որ ամենագործուն մեխանիզմն այն է, որ, եթե բացահայտվել է կայքի արհեստական առաջխաղացումը, ապա այն ընդմիշտ հեռացվում է վարկանիշից: Circle.Am-ը հայկական կողմնորոշում ունեցող կայքի առաջխաղացման լավ գործիք է, եւ այդ ռեսուրսը կորցնելն անքան էլ հաճելի չի լինի: 

- Ինչպիսի՞ն եք տեսնում Ձեր համակարգի կոմերցիոն ապագան: Ներկայումս այն ոչ առեւտրային նախագծի տպավորություն է թողնում: Ծրագրու՞մ եք առեւտրականացնել Circle.Am-ը:

- Հայկական ինտերնետում դեռեւս մեծ գումարներ չկան: Ի դեպ, հենց դա է ազդում ռեսուրսների որակի եւ քանակի վրա: Հայկական բիզնեսը դեռեւս մեծ հետաքրքրություն չունի հայաստանյան ինտերնետի նկատմամբ: Փաստորեն` չկա հետաքրքրություն, քանի որ չկա գումար, եւ չկա գումար, քանի որ չկա հետաքրքրություն:

- Հնարավո՞ր է Circle.Am-ի ձեւափոխումն որոնման տարրեր պարունակող ավելի բարդ ինտերնետային նախագծի:

- Տեսականորեն դա հնարավոր է, սակայն կոնկրետ ծրագրեր դեռեւս չկան: Վարկանշման մասնակից կայքերը ինդեքսավորված են search.am որոնման համակարգով, որն օգտագործում է Google-ի որոնումը: Ի դեպ, Circle.Am-ի տվյալները բոլոր ցանկացողներին հասանելի են ավտոմատ ռեժիմով  /մանրամասները` կայքում/: Այնպես որ, եթե որեւէ մեկը ցանկանում է ստեղծել ինչ-որ այլ բան, օրինակ` որոնման համակարգ Circle.Am-ի տվյալների օգտագործմամբ, ապա կարող են դա անել: