14:55 | 27.05.09 | Հարցազրույցներ | 5567
Գաղափարի հեղինակ եւ նախագծի ղեկավար Տիգրան Սարգսյանի հարցազրույցը Itel.am պորտալին
- Ինչպե՞ս առաջացավ այդ գաղափարը եւ ո՞ր փուլում է խաղի ստեղծումը:
- Լինելով 14-ամյա դպրոցական եւ սովորելով Ռուսաստանում` ես հասկացա, որ իմ ռուս համադասարանցիներից շատերը ոչինչ չգիտեն Հայաստանի մասին: Ցավալի էր գիտակցել, որ իմ երկրի մասին գրեթե ոչինչ չգիտեն նրա սահմաններից դուրս, չնայած որ Հայաստանն Հռոմեական կայսրության տարիքին է եւ արժանի է համաշխարհային ճանաչման:
Այդպես ես սկսեցի մտածել Հայաստանի պատմությունը ավելի հայտնի դարձնելու հնարավոր ուղիների մասին: Քանի որ կրթությամբ ես մաթեմատիկոս եմ, ապա գաղափարը տարվում էր համապատասխան հունով. կողմնորոշում դեպի երիտասարդ սերունդը` իմ մասնագիտության կիրառմամբ:
Արդյունքում ես որոշեցի համակարգչային խաղ ստեղծել. Հայաստանի մասին խաղ-պատմական ռազմավարություն “Տիգրան Մեծ” անվանմամբ: Տիգրան Մեծի կառավարումը չափազանց հետաքրքիր սցենար է նման խաղի համար, որում կան քաղաքական դաշինքներ, պատերազմներ, հաղթանակներ, պարտություններ, նոր քաղաքների եւ ամրոցների կառուցում եւ, ի վերջո, խաղաղության պայմանագրի կնքում Հռոմի հետ, որի համաձայն Հայաստանը պահպանում է իր պատմական տարածքը, սակայն կորցնում է մնացած բոլոր տիրույթները…
Վստահ եմ, որ այս նախագիծը կբարձրացնի Հայաստանի միջազգային համբավը եւ մեծ շահույթ կբերի: Ներկայումս ես աշխատում եմ մանրամասն բիզնես-պլանի կազմման ուղղությամբ, հավաքում եմ կամավորների խումբ, ովքեր պատրաստ են ինձ աջակցել աշխատանքի տարբեր փուլերում: Արդեն հավաքվել է 10 մարդ, որոնց թվում` պատմաբան, տնտեսագետ, իրավաբան, նկարիչ եւ 3D մոդելավորման մասնագետ:
Արդեն պատրաստ են խաղի հերոսների նախնական մոդելները, հավաքվել է անհրաժեշտ ամբողջական պատմական տեղեկատվությունը, գրվել է մոտավոր սցենարը: Ես ուսումնասիրել եմ նաեւ նման խաղերի ստեղծման տեխնոլոգիան, բացել եմ մի քանի ինտերնետ-ֆորումներ (օրինակ` www.tigranthegreat.mybb.ru, http://blog.ararat-center.org/?p=70#comment-634, http://www.akumb.am/blog.php?b=69), որպեսզի այդ ոլորտի գիտակները կարողանան ներկայացնել իրենց փորձը, առաջարկել գաղափարներ խաղի վերաբերյալ, կամ միանալ մշակողների թիմին:
Խաղի մասին եւս մեկ ֆորում կգործարկվի ՀՀ սփյուռքի նախարարության կայքում` www.armeniadiaspora.am:
Սկզբնական փուլում իմ աշխատանքի կարեւոր մաս է կազմում համաշխարհային շուկայում արդեն պատշաճ տեղ զբաղեցրած խաղերի մանրամասն վերլուծությունը` մեր խաղը հայաստանյան եւ համաշխարհային շուկաներում մրցունակ դարձնելու նպատակով:
- Դուք արդեն գրանցե՞լ եք այն ընկերությունը, որը զբաղվելու է խաղի հետ կապված բոլոր հարցերով: Հեղինակային իրավունքի պաշտպանության հետ կապված խնդիրներ չե՞ն առաջանա:
- Ձեռնարկությունը նախատեսում եմ գրանցել այն ժամանակ, երբ կհավաքվի ամբողջական տեխնիկական խումբը:
Ինչ վերաբերում է հեղինակային իրավունքին, ապա գաղափարի իրավունքն օրենքով պահպանել հնարավոր չէ, սակայն հեղինակների իրավունքների պաշտպանության “Հայհեղինակ” հասարակական կազմակերպությունում կարելի է ի պահ հանձնել նախագծի բիզնես-պլանը, ինչը ես արդեն արել եմ:
- Դուք համագործակցության համար դիմե՞լ եք ՀՀ կառավարությանը կամ այլ շահագրգիռ կառույցներին:
- Նախագիծն արդեն ներկայացրել եմ էկոնոմիկայի եւ սփյուռքի նախարարությունների, Եռաչափ մոդելավորողների հայաստանյան ասոցիացիայի եւ “Ձեռնարկությունների ինկուբատոր” հիմնադրամի ներկայացուցիչներին:
Ծրագրում եմ հանդիպել նաեւ կրթության եւ գիտության նախարարության ու մշակույթի նախարարության ներկայացուցիչներին, ինչպես նաեւ փորձել ներդրումներ ներգրավել հայկական IT ընկերություններից:
- Ներդրումների ինչպիսի՞ ծավալ է անհրաժեշտ նախագծի իրականացման համար եւ ֆինասնական ի՞նչ ակնակալիքներ ունեք:
- Մեր գնահատականների համաձայն, նախագծի ամբողջական իրագործման արժեքը շուրջ 3 մլն եվրո է, իսկ եկամուտը նախատեսվում է շուրջ 10 մլն եվրոյի չափով:
- Խաղի սցենարը պատրա՞ստ է:
- Սցենարը պատրաստ է, սակայն հասկանալի պատճառներով չէի ցանկանա այն բացահայտել: Միայն կասեմ, որ խաղը սկսվում է Բաբելոնյան աշտարակի փլուզումից եւ հայերի նախահոր կողմից Հայկական լեռնաշխարհում բնակության հաստատումից:
Հատուկ ուշադրություն է հատկացվելու Տիգրան Մեծի ռազմական արշավանքներին:
- Ե՞րբ կարելի է սպասել խաղի մեկնարկին:
- Խաղի առաջին թողարկումը նախատեսվում է 2011 թվականին, այդ ժամանակ, կարծում ենք, այն կսկսի վաճառվել: Զուգահեռաբար մենք կսկսենք աշխատել խաղի հերթական թողարկումների վրա, որոնցում կարտացոլվեն հետեւյալ պատմական դարաշրջանները. քրիստոնեության ընդունում, Հայաստանի բաժանումը Բյուզանդիայի եւ Պարսկաստանի միջեւ, գրի եւ գրականության ստեղծումը, Ավարայրի ճակատամարտը, արաբների ասպատակությունը եւ այլն: Արդյունքում կստեղծվի հայ ժողովրդի պատմության խաղային ժամանակագրությունը: