16:45 | 04.06.09 | Նորություններ | 4523

“ԱրմենՏելը” ներկայացրել է երկու նոր ծառայություն բջջային եւ ֆիքսված կապի բաժանորդների համար

Երեւան /Մեդիամաքս/. “ԱրմենՏել” ընկերությունը (Beeline ապրանքանիշ) այսօր երկու նոր ծառայություն է ներկայացրել բջջային եւ ֆիքսված ցանցերի բաժանորդների համար` վճարման ունիվերսալ քարտ եւ հաշվեկշռի փոխանցում:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄՍՔՍ-ը, վերոհիշյալ ծառայությունների շնորհանդեսին ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն հայտարարել է, որ դրանք ուղղված են բաժանորդների հարմարավետությանը:

Իգոր Կլիմկոն տեղեկացրել է, որ վճարման ունիվերսալ քարտը Beeline-ի բջջային եւ ֆիքսված կապի բոլոր բաժանորդներին թույլ է տալիս վերալիցքավորել ընկերության երկու ցանցերի կանխավճարային եւ հետվճարային համակարգերի ցանկացած հաշիվ:

Համապատասխան անվանական արժեքով քարտեր կարելի է ձեռք բերել Beeline-ի վաճառքի եւ բաժանորդների սպասարկման գրասենյակներում, ինչպես նաեւ երկրի տաարծքում գործող առեւտրի բոլոր կետերում:

Ներկայացնելով հաշվեկշռի փոխանցում ծառայությունը` Իգոր Կլիմկոն ասել է, որ այն նախատեսված է միայն Beeline-ի բջջային համակարգի կանխավճարային համակարգի բաժանորդների համար: Այդ ծառայության օգնությամբ բաժանորդները կարող են իրենց հաշվից գումար փոխանցել Beeline-ի բջջային կամ ֆիքսված ցանցի ցանկացած հեռախոսահամարի հաշվին:

“Այսուհետ Beeline-ի բաժանորդները ստիպված չեն լինի այցելել վաճառքի եւ սպասարկման գրասենյակներ կամ միջնորդավճարներ վճարել միջնորդներին, քանի որ այդ ծառայությունները թույլ են տալիս տնտեսել ժամանակ եւ գումար”,- ընդգծել է “ԱրմենՏել” ընկերության գլխավոր տնօրենը:

Իգոր Կլիմկոն նաեւ ասել է, որ ընկերությունը մտադիր է առաջիկայում սպասարկման գրասենյակներում ներդնել էլեկտրոնային հերթի համակարգը, որը թույլ կտա բարձրացնել ծառայության որակը եւ բաժանորդների համար հարմարավետ պայմաններ ստեղծել: