12:48 | 18.05.09 | Նորություններ | 5544
Երեւան /Մեդիամաքս/. iCON Communications ինտերնետ պրովայդերը այսօր հայտարարել է նոր iCON Entry սակագնային պլանի գործարկման մասին, որն ապահովում է մինչեւ 128 կբ/վ download արագություն եւ 64կբ/վ upload արագություն ընկերության WiMAX ցանցում:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այդ մասին այսօր Երեւանում կայացած մալո ասուլիսում հայտարարել է iCON Communications-ի գործադիր տնօրեն Ադամ Կաբլանյանը:
“Մեր տվյալներով, Հայաստանում 100 ինտերնետ սպառողներից 80-ը օգտվում են dial-up-ից”,- ասել է Ադամ Կաբլանյանը: Նրա խոսքերով, 8000 դրամ արժողությամբ /ներառյալ ԱԱՀ/ առանց թրաֆիկի սահմանափակման կամ շահագործման վճարի նոր փաթեթը նպատակ է հետապնդում ինտերնետային ծառայություններ մատուցել ինտերնետ օգտագործողների ստվար զանգվածի, ովքեր ինտերնետից օգտվում են dial-up-ի միջոցով:
“iCON Communications-ի առաքելությունն արագ, հուսալի եւ մատչելի ինտերնետ ապահովելն է Հայաստանի հնարավորինս մեծ թվով բնակչության համար, եւ սա եւս մեկ կարեւոր է քայլ է մեր նպատակներին հասնելու համար”,- ասել է Ադամ Կաբլանյանը:
Նա նաեւ հայտնել է, որ ընկերության նոր հաճախորդները, վճարելով 15 հազ. դրամ, կարող են օգտագործել USB Stick մոդեմները` iCON-ի ծառայություններից օգտվելու ողջ ընթացքում: Դրանք ենթակա են վերադարձման պայմանագրի խզման պահին: Նախկինում USB Stick մոդեմները վաճառվում էին 50 հազ. դրամով:
“Այսպիսի մոդեմները լայն տարածում ունեն մեր հաճախորդների շրջանում, քանի որ թույլ են տալիս ինտերնետին հասանելի լինել ծածկույթի ցանկացած կետում”,- ասել է Ադամ Կաբլանյանը` նշելով, որ USB Stick մոդեմներից օգտվում է iCON Communications-ի հաճախորդների 40 տոկոսը:
Նա տեղեկացրել է նաեւ ավելի բարձր արագությամբ ինտերնետի նոր առաջարկների մասին կորպորատիվ հատվածի համար: “Այդ փաթեթները ներառում են 2,3 եւ 4Mb/s չերաշխավորված արագությամբ սակագնային պլաններ, ինչպես նաեւ ծառայություններ 512kbps-ից մինչեւ 4kbps երաշխավորված արագություններով”,- ասել է Ադամ Կաբլանյանը:
Ներկայումս iCON Communications-ը ծառայություններ է մատուցում Երեւանի Կենտրոն, Արաբկիր եւ Աջափնյակ համայնքներում եւ ծրագրում է մինչեւ 2010թ. տարեվերջ ծածկույթի շրջանակներն ընդլայնել ՀՀ բոլոր խոշոր քաղաքներում եւ զբոսաշրջային վայրերում: “Մինչեւ այս տարվա հոկտեմբեր մենք ծրագրում ենք ծածկույթ ապահովել Երեւանի ողջ տարածքում”,- ասել է Ադամ Կաբլանյանը: