12:42 | 08.04.09 | Նորություններ | 3978

Օն-լայն ծառայությունների զարգացումը ռազմավարական նշանակություն ունի “Վիվասել-ՄՏՍ”-ի համար

Երեւան /Մեդիամաքս/. Օն-լայն ծառայությունների զարգացումը ռազմավարական նշանակություն ունի “Վիվասել-ՄՏՍ”-ի համար:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄՍՔՍ գործակալությունը, այդ մասին հայտարարել է “Վիվասել-ՄՏՍ”-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը` պատասխանելով www.Itel.am կայքում իր բլոգի այցելուների հարցերին:

Նրա խոսքերով, ընկերությունը ծրագրում է ընդարձակել հաճախորդներին մատուցվող օն-լայն ծառայությւոնների պորտֆոլիոն, եւ շուտով սկսելու է իրականացնել EDram եւ ARCA համակարգերի միջոցով ցանկացած գումարով հաշվի վերալիցքավորման ծառայություն:

Ռալֆ Յիրիկյանը նշել է, որ օն-լայն համակարգերի զարգացումը պայմանավորված է երկու կարեւոր գործոններով` ինտերնետի ներթափանցման մակարդակով եւ ոլորտի օրենսդրական կարգավորմամբ:

“Կառավարությունը եւ հեռահաղորդակցային ոլորտի կազմակերպությունները ջանում են բարելավել եւ մատչելի դարձնել ինտերնետ կապը Հայաստանում: Ինտերնետի ներթափանցմանը զուգահեռ` կսկսեն դինամիկ կերպով զարգանալ նաեւ մեր տրամադրած օն-լայն ծառայությունները”,- ասել է Ռալֆ Յիրիկյանը: