17:30 | 09.04.09 | Նորություններ | 3892
- Որքա՞ն դոմենային անուն է գրանցված այսօր am. դոմենային գոտում եւ դրանցից քանի՞ տոկոսն է ակտիվ:
- Հայաստանում գրանցված դոմենների թիվը 2008 թվականին կազմում էր մոտ 10 հազար, ինչը 2007 թվականի ցուցանիշը գերազանցում է 30%-ով:
- am. դոմենային գոտում տարեկան քանի՞ դոմենային անուն է գրանցվում, եւ ինչպիսի՞ն է աճի դինամիկան:
- 2008 թվականին գրանցված դոմենների քանակը 2005թ. համեմատ ավելացել է կրկնակի, իսկ 2001թ. համեմատ` գրեթե քառակի: Այսօր ՀՀ 1000 բնակչին բաժին է ընկնում 3.25 գրանցված դոմեն, մինչդեռ Եվրոպայում միջին ցուցանիշը 32.5 է:
- am. դոմենային գոտում դոմենային մեծ թվով անուններ գրանցված են արտասահմանյան ընկերությունների եւ մասնավոր անձանց կողմից, որոնց ճնշող մեծամասնությունը, սակայն, չի օգտագործվում: Կա՞ն արդյոք մեխանիզմներ, որոնք թույլ են տալիս կարգավորել այդ խնդիրը եւ խուսափել իրավիճակից, երբ “գրավիչ” անուններն անիմաստ կերպով “պահեստավորվում են”:
- “Մեծ թվով”-ը որքա՞նն է: Հայաստանում 15 տարվա ընթացքում գրանցվել է շուրջ 10000 դոմենային անվանում: Գերմանիայում մեկ օրվա ընթացքում գրանցվում են ավելի շատ դոմեններ, քան Հայաստանում 15 տարվա ընթացքում: Որո՞նք են “գրավիչ անունները”: Օրինակ, ըստ ձեզ, մեծ թվով այցելություն ունեցող սոցիալական ցանցերի, ինչպիսիք են Facebook-ը, Plaxo-ն, LinkedIn-ը, Flickr-ը, Odnoklassniki-ն, կամ Yahoo-ի, Google-ի վեբ կայքերի անվանումները հրապուրի՞չ են, թե՞ ոչ: Երեւի նախկինում ոչ ոք չէր լսել այդպիսի անվանումներ: Ինտերնետային կայքը գրավիչ է դարձնում ոչ թե անվանումը, այլ բովանդակությունը:
- Ինչպե՞ս է կարգավորվում դոմենային անվանումների վերավաճառքը am. գոտում: Ենթադրենք, մենք գնում ենք անունը, ապա որոշում ենք այն վերավաճառել: Դա AMNIC-ի կողմից ինչ-որ կերպ կարգավորվու՞մ է:
- Դոմենի անվանման տարեկան վարձակալության պայմանագիրը կնքվում է կոնկրետ անձի հետ (մասնավոր կան իրավաբանական)` նշելով նրա անձնագրի կամ իրավաբանական անձի գրանցման տվյալները: Պաշտոնապես դոմենի վարձակալողը չի կարող այն վերավաճառել այլ անձի, քանի որ այդ գործընթացը նախատեսված չէ: Նա կարող է փոխանցել կառավարումը` մնալով սեփականատեր: Այնպես որ, վերավաճառքը զուրկ է իմաստից: Մենք չենք ճանաչի նոր սեփականատիրոջը:
- Հայաստանում եղե՞լ են կիբերսքվոթինգի դեպքեր:
- Հայաստանում կան մարդիկ, ովքեր փորձում են գրանցել անունները վերավաճառքի նպատակով: Նրանք մեզ հայտնի են: Մենք վերահսկում ենք այդ գործընթացը եւ փորձում ենք կանխել այն:
- Ինչպե՞ս են բաշխվում դոմենային անունների վաճառքից գոյացած միջոցները:
- Դոմենի տրամադրման եւ դրա սպասարկման պայմանագիրը կնքում են ինտերնետ պրովայդերները, որոնք ունեն Գրանցողի կարգավիճակ: Դրանց թվում են ՀՀ առաջատար ինտերնետ պրովայդերները: Այդ կարգավիճակը տրամադրվում է Ինտերնետ միություն հասարակական կազմակերպության կողմից, որն իրենից ներկայացնում է ՀՀ ինտերնետային հանրույթը եւ ներառում է համալսարանների, Գիտությունների ակադեմիայի, ինստիտուտների, գրադարանների, պրովայդերային ծառայությունների, բանկերի, ինչպես նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների ներկայացուցիչների:
Պայմանագրից Գրանցողի ստացած միջոցներն ուղղվում են գրանցվողների սպասարկմանը, տվյալների բազաների ներմուծմանը, պայմանագրի ժամկետի ավարտի եւ այն երկարացնելու անհրաժեշտության մասին գրանցվածներին ժամանակին տեղեկացնելուն, սպասարկող անձնակազմի աշխատավարձերին:
Պայմանագրից ստացված միջոցների մի մասը Գրանցողները փոխանցում են Ինտերնետ միությանը` ինտերնետի հայաստանյան հատվածի ենթակառուցվածքի կառավարմանը օժանդակելու, ազգային բազայի սերվերների աշխատունակությանը ապահովելու, AMNIC ու ISOC AM կայքերը ծրագրավորելու եւ վարելու, անձնակազմին վճարելու, դոմենի հայտերի լրացման ճշգրտությանը հետեւելու, գրասենյակի վարձակալման, կապուղու վարձակալության, ինտերնետի կառավարման միջազգային կազմակերպության (ICANN), Ազագային դոմենների կառավարման եվրոպական խորհրդի (CENTR), Կենտրոնական եւ արեւելյան Եվրոպայի գիտական-կրթական ցանցերի ասոցիացիայի (CEENet) անդամավճարների, ինտերնետի կառավարման վերաբերյալ միջազգային սիմպոզիումներին եւ կոնֆերանսներին միության անդամների գործուղումների նպատակով:
- Վերջին ժամանակներս քննարկվում է օտարերկրացիների կողմից am. դոմենային գոտում անուն ձեռքբերելու նկատմամբ սահմանափակումներ կիրառելու անհրաժեշտության հարցը: Ինչպե՞ս եք վերաբերվում այդ նախաձեռնություններին:
- Դոմենային անունների ոլորտում համաշխարհային միտումն ուղղված է ինտերնետային տարածության լրիվ ազատականացմանը, ինչին նպաստում է ինտերնետում սահմանների բացակայությունը: Միաժամանակ, մենք ունենք հսկայական սփյուռք, եւ նրան հայաստանյան ինտերնետային դոմենի անվանում ունենալու իրավունքից զրկելը սխալ կլինի: Եթե որոշ անվանումներ ազգային հնչողություն ունեն, դրանք կարելի է պահել միայն ռեզիդենտների համար: Բայց ո՞վ պետք է որոշի` դա ազգի՞ սեփականությունն է, թե՞ ոչ: Ամեն դեպքում, մենք պատրաստ ենք համագործակցել բոլոր կազմակերպությունների հետ` ինտերնետի հայաստանյան հատվածի կառավարման մեխանիզմների կատարելագործման նպատակով
- Համաշխարհային տնտեսական ֆորումի /ՀՏՖ/ Տեղեկատվական տեխնոլոգիաների վերաբերյալ տարեկան հաշվետվությունում Հայաստանը ինտերնետ պրովայդերների մրցակցության մակարդակով զբաղեցրել է վերջին տեղերից մեկը (127-րդ տեղը): Դուք համաձա՞յն եք այդ գնահատականի հետ:
- Համաձայն չեմ: ՀՀ ինտերնետ պրովայդերների մրցակցությունը բավականին լարված է: Հայաստանում կան բազմաթիվ ինտերնետ պրովայդերներ` ինչպես խոշոր, այնպես էլ փոքր, եւ մրցակցությունը հանգեցրել է ծառայությունների սակագների զգալի նվազմանը:
Վաղուց հասունացել է համազգային հարցումների վրա հիմնված հավաստի վիճակագրական տվյալների անհրաժեշտությունը: Եվ քանի որ այդպիսիք չկան, մենք հիմնվում ենք միջազգային կազմակերպությունների տվյալների վրա, որոնք անհասկանալի կերպով գնահատում են ազգային տնտեսության այս կամ այն հատվածի իրավիճակը: