15:13 | 07.04.09 | Նորություններ | 3909
Երեւան /Մեդիամաքս/. “Մեդիամաքս” լրատվական գործակալությունն ու Banks.am պորտալը, ՀՀ կառավարությունն ու Կենտրոնական բանկը /ԿԲ/ այսօր Երեւանում հայտարարել են “Ես հաղթահարում եմ ճգնաժամը” ուսանողական ռեֆերատների մրցույթի մեկնարկի մասին:
Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄՍՔՍ գործակալությունը, մրցույթի պայմաններն այսօր ներկայացրել են ՀՀ Կառավարության աշխատակազմի ղեկավար Դավիթ Սարգսյանը, ՀՀ ԿԲ դրամավարկային քաղաքականության վարչության պետ Արթուր Ստեփանյանը եւ “Մեդիամաքսի” տնօրեն Արա Թադեւոսյանը:
Դավիթ Սարգսյանը նշել է, որ “Ես հաղթահարում եմ ճգնաժամը” մրցույթը կառավարությանը թույլ կտա շփման լրացուցիչ աղբյուր ստանալ հասարակության եւ նրա առավել ակտիվ մասի հետ` ի դեմս ուսանողների:
“Ուսանողությունը ստացած գիտելիքների գործնական կիրառության կարիք ունի, եւ այս մրցույթը ուսանողների գործնական ինքնահաստատման լավ հնարավորություն է”,- ասել է կառավարության աշխատակազմի ղեկավարը: Նա ընդգծել է “Մեդիամաքս” գործակալության նախաձեռնության կարեւորությունը` նշելով, որ “կառավարությունը նոր մտքերի եւ գաղափարների կարիք ունի”:
ՀՀ ԿԲ դրամավարկային քաղաքականության վարչության պետ Արթուր Ստեփանյանն ասել է, որ մրցույթը ուսանողներին թույլ կտա հանդես գալ “ամենահամարձակ մտքերով եւ առաջարկություններով”:
Մրցույթին կարող են մասնակցել բոլոր բուհերի տնտեսագիտական ֆակուլտետների ուսանողները, որոնք կներկայացնեն ռեֆերատներ “Ես հաղթահարում եմ ճգնաժամը” թեմայով, որն ունի 4 ենթաթեմա`
1. Ի՞նչ պետք է անի Կենտրոնական բանկը` դրամավարկային քաղաքականությունը ճգնաժամի մարտահրավերներին համապատասխանեցնելու համար:
2. Ի՞նչ պետք է անի կառավարությունը` ճգնաժամի պայմաններում տնտեսության զարգացումը ապահովելու համար:
3. Ի՞նչ պետք է անի մասնավոր բիզնեսը` ճգնաժամի պայմաններում իր ունեցածը ոչ միայն պահպանելու, այլեւ զարգացնելու համար:
4. Ի՞նչ պետք է անեն անհրաժեշտ լիկվիդայնությամբ օժտված ՀՀ բանկերը` տնտեսության զարգացմանն իրապես նպաստելու եւ ոչ ստանդարտ լուծումներ կիրառելու առումով:
Ռեֆերատները կարող են ներկայացվել մեկ կամ մի քանի ենթաթեմաներով:
Բոլոր ռեֆերատները պետք է ներկայացվեն հայերեն լեզվով, էլեկտրոնային տարբերակով, ոչ ավել, քան 5 էջ ծավալով: Ռեֆերատի առաջին էջում պետք է պարտադիր զետեղված լինի դրա հիմնական գաղափարը` մեկ-երկու պարբերությամբ:
Ռեֆերատներն ընդունվում են www.Banks.am կայքում, http://banks.am/index.php?al=contest բաժնում:
Ռեֆերատներն ընդունվում են ապրիլի 7-ից 20-ը ներառյալ: Հանձնաժողովը աշխատանքները գնահատելու է ապրիլի 21-ից 28-ը: Ապրիլի 29-ին տեղի կունենա մրցույթի արդյունքների ամփոփումը: 10 լավագույն աշխատանքները կտեղադրվեն www.Banks.am կայքում, իսկ նրանց հեղինակները կհանդիպեն ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի, տնտեսական հատվածի նախարարների եւ ԿԲ խորհրդի անադամների հետ: 3 լավագուն ռեֆերատների հեղինակները կպարգեւատրվեն համապատասխանաբար 150հազ., 100հազ. եւ 75 հազ. դրամ մրցանակներով: Շահագրգիռ կազմակերպությունները եւ ընկերությունները կարող են ուսանողների համար սահմանել իրենց մրացնակները: