15:51 | 13.03.09 | Նորություններ | 4144

UITE-ն ներկայացրել է մաքսային օրենսդրության բարեփոխումներին ուղղված առաջարկություններ

Երեւան /Մեդիամաքս/. IT ձեռնարկությունների միությունը (UITE) ներկայացրել է ՀՀ մաքսային օրենսդրության բարեփոխումներին ուղղված մի շարք առաջարկություններ:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ գործակալությունը, այսօր Երեւանում մասնավոր հատվածի եւ ՀՀ պետեկամուտների կոմիտեի ներկայացուցիչների մասնակցությամբ կայացած կլոր սեղանին UITE-ի գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը հայտնել է, որ առաջարկություններն ուղղված են մաքսային ձեւակերպումների ընթացակարգերի արագացմանը եւ ներկրման, արտահանման, վերաարտահանման ու միջազգային ապրանքափոխանակման ոլորտներում առկա խնդիրների լուծմանը:

“Չինաստանից, Մերձավոր Արեւելքի ու Հարավարեւելյան Ասիայի երկրներից ներկրման մաքսային ձեւակերպման ընթացքում մաքսային ծառայությունը հաճախ անբավարար է համարում հաշիվ-ապրանքագրերը եւ առաջնորդվում է կողմնորոշիչ գներով, որոնք հաճախ գերազանցում են շուկայականը”,- ասել է Կարեն Վարդանյանը` ընդգծելով, որ այդ երկրներից ներկրվում է համաշխարհային ճանաչում ունեցող ընկերությունների ենթակառույցների արտադրանքի մեծ ծավալ, եւ անվստահությունը նշված գործարքների գների նկատմամբ վնասում է Հայաստանի ներդրումային գրավչությանը:

UITE-ն առաջարկում է ապրանքների ներմուծման ժամանակ գործարքի գնի մեթոդով մաքսային արժեքի որոշման տեսակարար կշիռը ներկայիս 5%-ից հասցնել 25%-ի, պարզեցնել մաքսային օրենսդրության պահանջները հաշիվ-ապրանքագրերի նկատմամբ եւ ներդնել էլեկտրենային հաշիվ-ապրանքագրերի մեխանիզմ: “Գիտակցելով, որ մաքսային աշխատողներն ունեն կողմնորոշիչ գների կիրառման իրենց ոչ անհիմն բացատրությունները, անհրաժեշտ է մշակել նաեւ դրանց բնորոշման ճկուն եւ օբյեկտիվ մեխանիզմները”,- ասել է Կարեն Վարդանյանը:

Նա առաջարկել է մաքսային արժեքի գնահատման գործընթացից ազատել նաեւ այն ընկերություններին, որոնք կատարում են փորձարկումներ եւ թեստավորում են նոր IT սարքավորումներ:

Շոշափելով IT սարքավորումների արտահանման խնդիրները` Կարեն Վարդանյանն ասել է, որ IT արտադրանքի մեծ մասը ստիպված է երկար փորձաքննություն անցնել հատուկ հանձնաժողովի կողմից, որը պետք է բացահայտի, թե ապրանքն արդյոք երկակի նշանակության չի: UITE-ն առաջարկում է արագացնել փորձաքննության գործընթացն այն փորձագետների միջոցով, ովքեր ապրանքը կգնահատեն հենց մաքսակետում:

“Սուր խնդիրներ են առաջանում նաեւ սարքավորումների վերաարտահանման ժամանակ”,- ասել է Կարեն Վարդանյանը` նշելով, որ ՀՀ մի շարք ընկերություններ, որոնք ձեռք են բերել տարածաշրջանային դիստրիբյուտորի կարգավիճակ, ժամանակավորապես ներկրված սարքավորումները Վրաստան, Թուրքիա եւ Իրան վերաարտահանելիս ստիպված են այն ձեւակերպել որպես սեփական արտահանում, ինչն երկարացնում է տարածաշրջանային գործարքների իրականացումը եւ կասկածի տակ դնում “ժամանակավոր ներկրում”, “ժամանակավոր ներկրում վերամշակման նպատակով”, “ժամանակավոր արտահանում” եւ “ժամանակավոր արտահանում վերամշակման նպատակով” մաքսային ռեժիմների գործնական կիրառությունը:

Թվարկված խնդիրների թվում Կարեն Վարդանյանը նշել է նաեւ այն թյուրիմացությունը, որին բախվում են ընկերությունները արտասահմանում սարքավորումներ գնելիս: “Եթե ներկրվող սարքավորումը սարքին չէ, վաճառող ընկերությունը գնորդին ուղարկում է նոր սարքավորում, իսկ գնորդը նրան ետ է ուղարկում անսարքը, մինչդեռ մաքսային ծառայությունը չաշխատող սարքավորման վերադարձումը համարում է արտահանում, իսկ նորի համար կրկին գանձվում է մաքսային տուրք”,- ասել է Կարեն Վարդանյանը:

“Մաքսատան աշխատանքի այդպիսի մեթոդները բացարձակ անհեռանկարային են”,- ասել է UITE-ի գործադիր տնօրենը` նշելով, որ “չնայած ցանկությանը, պետությունն, այնուամենայնիվ, դեռեւս IT հատվածի հուսալի գործընկերը չէ”:

ՀՀ կառավարությանն առընթեր պետեկամուտների կոմիտեի մաքսային հսկողության վարչության պետ Ալբերտ Հարությունյանը խոստովանել է օրենսդրական բացթողումների առկայությունն ու ցանկություն հայտնել օժանդակել բարեփոխումներին:

Խոսելով, մասնավորապես, մաքսային ծառայության կողմից կողմնորոշիչ գների կիրառման մասին` Ալբերտ Հարությունյանն ասել է, որ մաքսավորները ստիպված են գնում այդ միջոցառմանը, քանզի բազմաթիվ հաշիվ-ապրանքագրեր չեն համապատասխանում անհրաժեշտ պահանջներին եւ հաճախ լրացվում են միջնորդների կողմից, որոնք ձգտում են քողարկել գործարքների իրական արժեքը: Ալբերտ Հարությունյանը անվստահություն է հայտնել նաեւէլեկտրոնային ապրանքագրերի նկատմամբ` նշելով այդ ոլորտում անհրաժեշտ կարգավորման բացակայությունը:

Կլոր սեղանի արդյունքներով որոշում է կայացվել UITE-ի առաջարկությունները էկոնոմիկայի նախարարությանը, պետեկամուտների կոմիտեին եւ Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման ազգային խորհրդին ուղարկելու վերաբերյալ: