15:08 | 16.01.09 | Նորություններ | 4729

Orange-ը ողջունում է MNP-ի հնարավոր ներդրումը ՀՀ-ում

Երեւան /Մեդիամաքս/. “ՖՏԱ-Տելեկոմ” ընկերության (Orange ապրանքանիշ) գլխավոր տնօրեն Կրիստիան Բուէնոն Մեդիամաքս գործակալության հետ բացառիկ հարցազրույցում ասել է, որ Mobile Number Portability (MNP) ծառայության ներդրումը “բջջային կապի բաժանորդներին իրական ընտրության հնարավորություն կառաջարկի”:

Մեդիամաքս գործակալության խնդրանքով մեկնաբանելով “ՖՏԱ-Տելեկոմի” դիրքորոշումը Հայաստանում MNP-ի ներդրման կապակցությամբ, որը թույլ է տալիս բաժանորդներին բջջային մեկ օպերատորից անցում կատարել մյուսին` միաժամանակ պահպանելով իր բջջայինի ամբողջական համարը, Քրիստիան Բուենոն ասել է.

“Mobile Number Portability ծառայությունը բջջային կապի բաժանորդներին ընտրության իրական հնարավորություն է ընձեռում: Դա լավագույն տարբերակն է բաժանորդների համար, քանի որ պահպանելով նույն հեռախոսահամարը` բջջային կապի բաժանորդները հնարավորություն են ստանում ընտրել իրենց համար ամենահարմար բջջային առաջարկները գնային, օգտագործման կամ որակական առումներով: Բջջային ծառայությունների մատակարարին փոխելը կլինի ավելի դյուրին եւ ավելի էժան. կարիք չի լինի փոխել կազմակերպության ձեւաթղթերը, այցեքարտերը եւ տեղեկատվություն ուղարկել գործընկերներին, ընկերներին ու բարեկամներին: Orange-ը մշտապես աջակցում է այն լուծումներին, որոնք հաճախորդներին տալիս են լավագույն ընտրության հնարավորություն եւ հավելյալ արժեք են տրամադրում: Մենք համոզված ենք, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի առաջարկը ճիշտ տարբերակ է Հայաստանի հաճախորդների բարեկեցությունն ամրապնդելու համար: Orange-ը ուրախ կլինի համագործակցել ՀԾԿՀ եւ այլ բջջային օպերատորների հետ այս ուղղությամբ”:

“ՖՏԱ-Տելեկոմը” ՀՀ բջջային երրորդ օպերատորն է եւ նախատեսում է սկսել ծառայություններ մատուցել այս տարեվերջից:

Մեդիամաքս գործակալությունը նշում է, որ “ԱրմենՏելն” (Beeline ապրանքանիշ) ու Vivacell-MTS բջջային օպերատորների ներկայացուցիչները Հայաստանում MNP-ի հնարավոր ներդրման վերաբերյալ իրենց գնահատականներում ավելի զուսպ էին եւ հատուկ ուշադրություն էին դարձնում այդ ծառայության հստակ կարգավորման անհրաժեշտության վրա:
Հունվարի 9-ին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի /ՀԾԿՀ/ հեռահաղորդակցության վարչության պետ Գեւորգ Գեւորգյանը Մեդիամաքսի հետ հարցազրույցում ասել էր, որ ՀԾԿՀ-ն դիտարկում է պետության տարածքում MNP-ի ներդրման հնարավորությունը: