14:31 | 03.02.09 | Նորություններ | 4225

ADC-ն դուրս է գալիս Հայաստանի մարզեր

Երեւան /Մեդիամաքս/. Delta Partners մասնավոր ներդրումային հիմնադրամը մասնակցություն է ցուցաբերում “Արմենիան Դեյթաքոմ Քամփնի” (ADC) ընկերության կապիտալում $6 մլն չափով:

Ինչպես հաղորդում է ՄԵԴԻԱՄԱՔՍ-ը, այդ մասին այսօր Երեւանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է ADC-ի գլխավոր տնօրեն Հարալդ Գրիտենը:

Նա նշել է, որ միջոցներն ուղղվելու են ողջ հանրապետությունում ինտերնետային ծառայությունների հասանելիության մեծացմանը, ինչն, իր հերթին, կհանգեցնի հեռահաղորդակցության զարգացմանը: Գրիտենի խոսքերով, ADC ընկերության համար առաջնային խնդիրն այժմ ՀՀ մարզերը օպտիկամալուխային ծածկույթով ապահովելն է, քանի որ Երեւանում ցանցն արդեն 400 կմ-ի է հասնում:

ADC-ի գլխավոր տնօրենն ընդգծել է, որ ընկերությունն արդեն նոր ծառայություններ է մշակել, որոնք տրամադրվելու են նախեւառաջ փոքր գրասենյակների աշխատակիցներին եւ բնակարաններում ապրողներին: Նա դժվարացել է խոսել սակագների մասին, որոնցով ենթադրվում է մատուցել ինտերնետային ծառայությունները` նշելով, որ շեշտը դրվելու է բարձրագույն որակի եւ հասանելիության վրա: Նրա խոսքերով, բնակարանային բաժանորդների համար տվյալների փոխանցման ենթադրվող արագությունը կազմելու է 512 Kb-ից մինչեւ 2 Mb:
Հարալդ Գրիտենը տեղեկացրել է, որ ինտերնետային ծառայությունների հիմնական մասը մատուցելու է ADC ընկերությունը, սակայն նախատեսվում է նաեւ այլ ընեկրությունների ներգրավում` ծառայությունների ընդհանուր փաթեթում մասնակցելու նպատակով: “Դրանք լինելու են ձայնային արձանագրության (voice protocol) եւ էլեկտրնային մեդիայի վրա հիմնված ծառայություններ”,- ասել է նա:
$75 մլն կապիտալ ունեցող Delta Partners մասնավոր ներդրումային հիմնադրամը (կենտրոնական գրասենյակը` Դուբայում) ներդրումներ է կատարում ԱՊՀ, Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի երկրների հեռահաղորդակցային եւ մեդիա նախագծերում:
ADC-ի գլխավոր տեխնիկական տնօրեն Վահե Խաչիկյանն այսօր հայտարարել է, որ “Արմենիան Դեյթաքոմ Քամփնին” (ADC) չի բացառում ՀՀ ֆիքսված կապի շուկա դուրս գալու հնարավորությունը:
Նա նշել է, որ ամեն ինչ կախված է շուկայից, ինտերնետային կապի բնակարանային բաժանորդների թվից եւ նրանց վճարունակությունից: “Ֆիքսված կապը մի ոլորտ է, որին մասնակցելու համար անհրաժեշտ է բաժանորդների որոշակի քանակություն”,- նշել է Վահե Խաչիկյանը` հավելելով, որ “եթե մեր ընկերությունը հաղթահարի նվազագույն շեմը, անպայման կզբաղվի ֆիքսված կապով”:
ADC-ի գլխավոր տնօրեն Հարալդ Գրիտենը տեղեկացրել է, որ ընկերությունը մտադիր է հետագայում ուսումնասիրել Լեռնային Ղարաբաղի հեռահաղորդակցային շուկան:
Նրա խոսքերով, ընկերության կարճաժամկետ հեռանկարում ԼՂՀ-ի շուկան չի դիտարկվում, “սակայն դա չի նշանակում, որ մեզ այդ շուկան չի հետաքրքրում”: “Չեմ բացառում որ հետագայում մենք կքննարկենք մեր գործունեության նոր ուղղություններ, այդ թվում նաեւ` Լեռնային Ղարաբաղը”,- շեշտել է Գրիտենը:
Նա նշել է, որ իր գոյության ընթացքում ADC ընկերությունը ՀՀ հեռահաղորդակցային ոլորտում կատարել է $6 մլն-ի ներդրումներ:
“Մեզ համար կարեւոր է ոչ թե ներդրումների քանակը, այլ` մեր ընկերության եւ ողջ ոլորտի արդյունավետ զարգացումն ամբողջությամբ”,- ասել է նա` ընգծելով, որ ընկերության անկյունաքարը մատչելի ինտերնետային ծառայություններ մատուցելն է:
Գրիտենի խոսքերով, այսօր ADC-ի հաճախորդներն են ՀՀ բանկային եւ ֆինասնսական հատվածները, սուպերմարկետները, մասնաճյուղային ցանցերը եւ այլն:
Հայ-նորվեգական համատեղ Armenian Datacom Company (ADC) ընկերությունը հիմնադրվել է 2006թ. ապրիլին: Ընկերությունը Երեւանում հիմնել եւ շահագործում է լայնաշերտ օպտիկամալուխային ցանց: 400 կմ երկարությամբ ADC ցանցը հիմնվել է գերժամանակակից IP/MPLS տեխնոլոգիայի հիման վրա: