17:51 | 11.03.25 | Նորություններ | 1201

    Չինական Manus AI-ի շուրջ «հայփը» չափազանցված կարող է լինել

    Չինական ManusAI ստարտափը մարտի 5-ին ներկայացրել է «ամբողջությամբ ինքնավար» Manus գործակալին։

    Բոտն աշխատում է միաժամանակ մի քանի ներդիրներում եւ ծրագրերում՝ ֆոնային ռեժիմով։ Բետա-տարբերակին հասանելիություն ստանում են միայն հրավերով, որին պետք է դիմել՝ նշելով նպատակները։

    Երբ առաջին օգտագործման օրինակները «վիրուսային» դարձան, որոշ լրատվական ալիքներ շտապեցին այն վաճառքի հանել Xianyu թվային հարթակում «հազարավոր դոլարներով»։ Իսկ ԶԼՄ-ները հայտարարեցին, որ այս պատմությունը սկսում է հիշեցնել DeepSeek-ի շուրջ ստեղծված աժիոտաժը։



    TechCrunch-ի լրագրող Քայլ Ուիգերսը փորձել է պարզել` արդյոք «հայփը» արդարացված է։ Նա նշում է, որ Manus-ը ստեղծված չէ զրոյից։ Ենթադրվում է, որ դրա հիմքում աշխատում են այլ մշակողների՝ օրինակ՝ Anthropic-ի Claude-ը եւ Alibaba-ի Qwen-ը։ Սակայն սեփական եւ այլ մոդելների հարաբերակցությունն անհայտ է։

    Ընկերությունն ասում է, որ գործակալը լուծում է «իրական խնդիրներ» եւ նշանավորում «մարդու եւ մեքենայի փոխազդեցության նոր դարաշրջանի» սկիզբը։ Օրինակներով ManusAI-ի արհեստական բանականությունը վերլուծում է կորպորատիվ հաշվետվություններն ու շուկայի միտումները, փնտրում է մատակարարներ բիզնեսի համար, կազմում է բանախոսների պրոֆիլներ եւ ճանապարհորդության պլաններ, ընտրում կացարաններ եւ պատրաստում ինտերակտիվ դասեր։

    Առաջին օգտատերերի մի մասը, այդ թվում՝ HuggingFace-ի պրոդուկտի բաժնի ղեկավարը, հիացած էին ծառայության հնարավորություններով։ Սակայն հայտնվեցին նաեւ սկեպտիկներ, որոնք մատնանշեցին համակարգային սխալները, փաստերի աղավաղումը եւ բացթողումները, ինչպես նաեւ աղբյուրների պարբերական բացակայությունը։

    TechCrunh-ի հեղինակը փորձել է ամրագրել Նյու Յորքից դեպի Ճապոնիա բիզնես դասում ավիատոմս՝ խնդրելով առաջարկել շահավետ տարբերակներ «ճկուն ամսաթվերով»։ Manus-ը մի քանի հղում է տվել տարբեր ավիաընկերությունների թռիչքների եւ Kayak ագրեգատորի վրա։ Դրանց մի մասը չի աշխատել։

    Չի հաջողվել նաեւ հնարավոր դարձնել մեկ անձի համար ռեստորանային ամրագրումը կամ մշակել «Նարուտո»-ից ոգեշնչված նոր խաղ։ ManusAI-ը TechCrunch-ին հայտնել է, որ ներկայում իրենց գլխավոր նպատակը «համակարգի ստրես-թեստավորումն է եւ խնդիրների բացահայտումը»։

    Manus-ի «վիրուսայնության» մի քանի պատճառ կա։ Մասնավորապես, «էքսկլյուզիվության» գործոնը՝ հասանելիությունը ստանում են ոչ բոլորը։ Մեդիաներն էլ իրենց ազդեցությունն ունեն՝ անվանելով Manus-ը չինական շուկայի «հպարտություն» եւ հիշեցնելով DeepSeek-ի շուրջ ստեղծված աղմուկը։