11:07 | 07.03.25 | Նորություններ | 1309
Մեկնարկել է «EIF-ը մարզերում» զարգացման եւ ներդրումների նախաձեռնությունը, որի շրջանակում կձեւավորվի տեխնոլոգիական, գիտական եւ ճարտարագիտական լուծումների խթանման առաջին հարթակը՝ ուղղված մարզերում նորարարությունների զարգացմանը։
Նախատեսվում է կապ ստեղծել խոշոր ձեռնարկությունների, արդյունաբերական ընկերությունների եւ տեխնոլոգիական կենտրոնների միջեւ, նպաստել տեղական բիզնեսի նորարարական հնարավորությունների ընդլայնմանը եւ խթանել արդյունաբերության արդիականացմանը՝ նոր տեխնոլոգիաների ներդրման միջոցով։
«Ստեղծվող հարթակը կդառնա համագործակցության եզակի միջավայր, որտեղ գիտական, ճարտարագիտական եւ տեխնոլոգիական համայնքները կմիավորվեն՝ մեծ բիզնեսի հետ համատեղ նորարարական լուծումներ մշակելու համար։ Այն ուղղված է ոչ միայն տեխնոլոգիական ոլորտի, այլեւ` արտադրության, գյուղատնտեսության, էներգետիկայի եւ այլ ավանդական արդյունաբերությունների վերափոխմանը», – նշել է «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամում մարզային զարգացման եւ ներդրումների ղեկավար Բելլա Հարությունյանը։
Նախաձեռնության շնորհիվ ՁԻՀ-ի մարզային տեխնոլոգիական կենտրոնները (Գյումրում, Վանաձորում), ինչպես նաեւ Սյունիքի մարզի Սիսիանի եւ Ագարակի (շուտով կբացվի) լաբորատորիաները կառաջարկեն ինժեներական եւ գիտահետազոտական լուծումներ: Դրանք կօգնեն արդյունաբերական ձեռնարկություններին, ինչպես նաեւ գյուղատնտեսական եւ վերամշակման ոլորտի ընկերություններին հաղթահարել իրենց առջեւ կանգնած խնդիրները եւ բարձրացնել արտադրողականությունը։
Բացի այդ, ՁԻՀ-ը նախաձեռնելու է կորպորատիվ ներդրումների ներգրավման ծրագրեր, որոնք խոշոր ընկերություններին հնարավորություն կտան իրականացնել համատեղ R&D (հետազոտական եւ զարգացման) նախագծեր եւ ներդրումներ կատարել նորարարական լուծումների մեջ։
«Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի մարզային կենտրոններում կշարունակվեն իրականացվել մասնագիտական վերապատրաստման նոր ծրագրեր, որոնք կօժանդակեն մարզերի աշխատուժի զարգացմանը՝ ապահովելով բարձր վարձատրվող նոր աշխատատեղեր տեխնոլոգիական եւ արդյունաբերական ոլորտներում։