Բարսելոնայում մարտի 3-ին մեկնարկել է «Համաշխարհային բջջային կոնգրես 2025» (Mobile World Congress 2025) միջոցառումը, որին մասնակցում է նաեւ Հայաստանը։
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունն արդեն երրորդ անգամ է ներկայանում հայկական միասնական տաղավարով՝ հնարավորություն ընձեռելով հայրենական տեխնոլոգիական ընկերություններին ներկայացնել իրենց արտադրատեսակները, ծառայություններն ու նորարարական լուծումները:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն այցելել է հայկական տաղավար, ծանոթացել ոլորտային կազմակերպությունների պրոդուկտներին:
Ցուցահանդեսին մասնակցում է 17 կազմակերպություն, ինչպես նաեւ «Ներդրումների աջակցման կենտրոն» (Enterprise Armenia) հիմնադրամը:
Mobile World Congress 2025-ը բջջային տեխնոլոգիաների եւ կապի ոլորտի առաջատար միջազգային միջոցառում է, որտեղ ներկայացվում են կապի նորագույն տեխնոլոգիաներ, արհեստական բանականության լուծումներ եւ այլն։
Միջոցառումը բաղկացած է լինելու նաեւ ոլորտային համաժողովներից, կլոր սեղաններից, պետական բարձրաստիճան պաշտոնյաների պանելային քննարկումներից, որոնք հնարավորություն կընձեռեն մասնակիցներին գործարար կապեր հաստատել ոլորտի ներկայացուցիչների եւ որոշում կայացնողների հետ: