10:50 | 04.03.25 | Նորություններ | 350

Թումո Կապանը պաշտոնապես բացել է դռները

Մարտի 2-ին պաշտոնապես բացվել է Թումո Կապանի հիմնական շենքը, որն ամբողջացնում է Սյունիքի հարավում Թումոյի կրթական ցանցը:

Կենտրոնը տեղակայված է Կապանի երկաթուղային կայարանի շենքում, որը, պահպանելով պատմական եւ ճարտարապետական յուրահատկությունը, վերածնվել է նորարարական հանգույցի։ Կենտրոնը, Մեղրիի եւ Քաջարանի Թումո տուփերի հետ կրթական ցանց կազմելով, կծառայի շուրջ 2500 պատանու։

Թումո Կապան այսուհետ դասընթացների եւ աշխատարանների կհաճախեն նաեւ պատանիներ Գորիսից, որտեղ կգործարկվի Թումո տուփ, եւ ուսանողները կապահովվեն տրանսպորտով։

«Սյունիքի բոլոր պատանիներին թումոյական կյանքեր վերափոխող ուսումնական փորձառությամբ ապահովելու մեր նպատակին հասնելու ճանապարհն սկսել ենք դեռեւս 2021-ին մեկ Թումո տուփից՝ այժմ հասնելով կրթական ցանցի։ Այս ծավալուն նախագիծն իրականություն դարձավ ամուր գործընկերության շնորհիվ. Թումոյին հաջողվեց գնել տարիներ առաջ սեփականացված շենքը, համայնքը եւ ԵՄ-ն միավորեցին ուժերը «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնությամբ։ Սյունիքում Թումոյի կրթական ցանցն ամբողջացնելու համար մեզ մնում է միայն հիմնել Սիսիանի կենտրոնը եւ հարակից տուփերը։ Հույս ունենք, որ այդ մարտահրավերն էլ կհաղթահարենք՝ հուսալի գործընկերներ գտնելով»,- նշել է Թումոյի գործադիր տնօրեն Մարի Լու Փափազյանը։

Թումո Կապանի կրթական տարածքը չի սահմանափակվի միայն մեկ շենքով։  Շինարարությունը շարունակվում է, շուտով ուսանողների համար կգործարկվեն նախագծով նախատեսված նորակառույց մասնաշենքերը։ Մինչ այդ կրթական գործընթացը կշարունակվի նաեւ շենքի հարեւանությամբ գործող ժամանակավոր կենտրոն-տուփերում։

Թումո Կապանում կգործի նաեւ Թումո լաբեր ծրագիրը։ 18-ից բարձր անձանց համար ծրագրի շրջանակում առաջարկվում են գործնական նախագծեր տեխնոլոգիաների, գիտության եւ ճարտարագիտության ոլորտներում: Կապանում առաջին հերթին կմեկնարկի Թումո լաբերի ուղղորդված ինքնուսուցման ծրագիրը, որի օգնությամբ ուսանողները կարող են 0-ից անվճար սովորել մեքենայական ուսուցում, Python կամ JavaScript ծրագրավորման լեզուները` առցանց գրանցվելով Թումո լաբերի կայքում՝ tumolabs.am: Ավելին, շենքում կգործեն նաեւ միջոցառումների, համատեղ աշխատանքի եւ ուսուցման համար հարմարեցված տարածքներ։

Թումո Կապան նախագիծն իրականացվում է Կապանի համայնքապետարանի, ԵՄ-ի «Դիմակայուն Սյունիք Թիմ Եվրոպա» նախաձեռնության եւ Թումոյի դոնորներ Ջուդիթ Սարյանի եւ Վիկտոր Զարուգյանի հետ համագործակցության շնորհիվ։ Մեղրիի եւ Գորիսի տուփերի հովանավորներն են Քաշյան ընտանիքը եւ «ContourGlobal» ընկերությունը։