09:36 | 01.02.25 | Նորություններ | 1298

«Նիկիտա Մոբայլ»-ը պատրաստ է սեղմ ժամկետում ներդնել eSIM եւ Սմարթ ID լուծումները

«Նիկիտա Մոբայլ» ընկերությունը հայտնել է, որ պատրաստ է սեղմ ժամկետում ներդնել eSIM եւ Սմարթ ID լուծումները՝ նշելով, որ դրանք պատրաստ են եւ թեստավորված են գործարկման համար։

«Մեր ընկերությունը դեռեւս տարիներ առաջ առաջարկել է eSIM-ների միջոցով թվային ստորագրության եւ նույնականացման համար լուծումը, ինչպես նաեւ մշակել է Սմարթ ID (xID) լուծումը, որը հասանելի է բոլոր սմարթֆոնների համար եւ փոխկապված չէ SIM եւ eSIM քարտերի հետ։ Այսինքն, դա հավելված է սմարթֆոնների համար, որը ներբեռնելով հեռախոսում, օգտատերը առանց SIM կամ eSIM ստանալու կամ փոխանակելու անհրաժեշտության, կարողանում է օգտվել էլեկտրոնային բջջային թվային ստորագրության եւ առցանց նույնականացման ծառայությունից», - ասված է ընկերության հաղորդագրության մեջ:
 
«Դեռեւս երկու տարի առաջ «Նիկիտա Մոբայլը» դիմել է «Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալություն» հիմնադրամին՝ ներկայացնելով այս լուծումները, դրանց ներդրման անհրաժեշտությունն ու իր պատրաստակամությունն այդ հարցում, սակայն մինչ օրս կոնկրետ որեւէ արձագանք չի ստացել: Եթե պատկան մարմինը ժամանակին արձագանքեր, ապա այդ լուծումները վաղուց արդեն ներդրված կլինեին Հայաստանում եւ բազմաթիվ քաղաքացիներ հնարավորություն կստանային օգտվել այս նորարարական լուծումներից։ Հարկ ենք համարում ընդգծել, որ այս լուծումները ներդրվել են ամբողջությամբ «Նիկիտա Մոբայլ» ընկերության հաշվին, համապատասխանում են անվտանգության միջազգային ստանդարտներին, ունեն eIDAS հավաստագիր, ինչի մասին տեղեկացվել է նաեւ գործակալությանը», - հայտնել է «Նիկիտա Մոբայլ»-ը:

Այստեղ ընդգծել են, որ «ունենալով անհրաժեշտ ռեսուրսներ եւ փորձառություն՝ Նիկիտա Մոբայլը  միշտ պատրաստ է եղել աջակցել պետության թվայնացման գործընթացներին, այսօր էլ բաց է համագործակցության համար եւ կաջակցի բոլոր շահագրգիռ կողմերին՝ հեշտացնելու եկամուտների համընդհանուր հայտարարագրման գործընթացը»։

««Նիկիտա Մոբայլ» ընկերությունը հանդիսանում է Հայաստանում առաջին էլեկտրոնային բջջային թվային ստորագրության եւ առցանց նույնականացման օպերատորը, որը 2018 թվականից մատուցում է այս ծառայությունները՝ հիմնված SIM քարտերի վրա, Մոբայլ ID ապրանքանիշի ներքո։ Ունի հազարավոր օգտագործողներ, ինտեգրված է «ԵսԵմ» համակարգին, որի միջոցով սպասարկվում են բոլոր պետական էլեկտրոնային հարթակները: Բազմաթիվ օգտագործողներ նախորդ տարի արդեն իսկ հանձնել են իրենց եկամուտների հայտարարագրերը մեր ծառայության միջոցով: Մեր ծառայությունը խտրական չէ եւ հասանելի է նաեւ այն անձանց համար, ովքեր ինչ-որ համոզմունքներից ելնելով հրաժարվել են ստանալ ՀԾՀ», - հայտնել են ընկերությունից: