12:25 | 30.01.25 | Նորություններ | 1454

Anthropic-ի ղեկավարը՝ DeepSeek-ի եւ AI չիպերի արտահանման մասին

Anthropic-ի գործադիր տնօրեն Դարիո Ամոդեյը իր էսսեում մեկնաբանել է չինական AI ընկերության DeepSeek-ի հաջողությունը եւ ԱՄՆ-ից AI չիպերի արտահանման վերահսկողության թեման։

Ամոդեյը, որը վերջերս հանդես էր եկել խստացված արտահանման վերահսկողության օգտին, նշում է, որ ներկայիս արտահանման սահմանափակումները դանդաղեցնում են չինական ընկերությունների, այդ թվում՝ DeepSeek-ի առաջընթացը։ Ամոդեյի խոսքով՝ եթե համեմատենք DeepSeek-ի մոդելները ԱՄՆ-ում արտադրված ամենահզոր AI մոդելների հետ, ապա դրանք հետ են մնում՝ հաշվի առնելով թողարկման ժամկետը։

«DeepSeek-ը ստեղծել է մոդել, որը մոտ էր ԱՄՆ մոդելների արտադրողականությանը, սակայն 7-10 ամսով ավելի հին եւ զգալիորեն ավելի ցածր արժեքով (բայց ոչ այնքան ցածր, որքան որոշ մարդիկ պնդում են)։ Տարբերությունն, այն է, որ սպասվող ծախսերի կրճատումն առաջինը ցուցադրած ընկերությունը չինական է», - ասել է Ամոդեյը։

Նա համեմատում է DeepSeek-ի առաջատար մոդելներից մեկը՝ DeepSeek V3-ը, Anthropic-ի Claude 3.5 Sonnet-ի հետ, որը, ըստ նրա, պահանջել է «մի քանի տասնյակ միլիոն դոլար» ուսուցման համար։ Sonnet-ի ուսուցումը ավարտվել է 9-12 ամիս առաջ, մինչդեռ DeepSeek-ի մոդելը ուսուցանվել է նոյեմբերին կամ դեկտեմբերին, սակայն Sonnet-ը դեռեւս առաջատար է մի շարք «ներքին եւ արտաքին գնահատականներում», գրում է Anthropic-ի ղեկավարը։

«ԱՄՆ-ի ընկերությունները հասնում են ծախսերի կրճատման միտմանը։ DeepSeek-ի մշակած արդյունավետության նորարարությունները շուտով կկիրառվեն ինչպես ԱՄՆ-ում, այնպես էլ Չինաստանում՝ միլիարդավոր դոլարների արժողությամբ մոդելներ ուսուցանելու համար»,- հավելում է Ամոդեյը։

Ամոդեյը էսսեում կանխատեսում է, որ իրավիճակը կփոխվի՝ կախված այն բանից, թե ինչպիսի արտահանման քաղաքականություն կորդեգրի Թրամփի վարչակազմը։ Նախքան Թրամփի պաշտոնավարման ստանձնումը, Բայդենի կառավարությունը նոր սահմանափակումներ էր սահմանել ապարատային արտահանման վրա, որոնք ուժի մեջ են մտնելու առաջիկա ամիսներին, սակայն Թրամփը կարող է դրանք մեղմացնել, եթե ցանկանա։

Եթե Թրամփը խստացնի արտահանման կանոնները եւ կանխի Չինաստանին «միլիոնավոր չիպերի» հասանելիությունը AI-ի զարգացման համար, ապա ԱՄՆ-ն եւ նրա դաշնակիցները կարող են ձեռք բերել առաջատար դիրք եւ պահել երկարատեւ առավելություն, պնդում է Ամոդեյը։ Իսկ եթե ԱՄՆ-ը չդժվարացնի Չինաստանի համար AI չիպերի ներմուծումը, ապա երկիրը կարող է ուղղել իր տաղանդը, կապիտալը եւ ուշադրությունը AI տեխնոլոգիաների «ռազմական կիրառությունների վրա», զգուշացնում է Ամոդեյը։

Ամոդեյի նախընտրած ելքը հավանաբար կիրականանա։ Սենատում կայացած լսումների ընթացքում միլիարդատեր գործարար Հովարդ Լութնիկը՝ առեւտրի նախարարի պաշտոնի համար Թրամփի թեկնածուն, մեղադրել է DeepSeek-ին ամերիկյան մտավոր սեփականությունը գողանալու մեջ։ Որպես առեւտրի նախարար՝ Լութնիկը կարեւոր դեր կունենա Թրամփի պլանների իրականացման եւ տուրքերի բարձրացման ու ուժեղացման գործում։

Anthropic-ի գլխավոր մրցակից OpenAI-ը նույնպես կոչ է արել Թրամփի վարչակազմին ավելի ագրեսիվ քայլեր ձեռնարկել՝ ԱՄՆ-ի AI գերակայությունն ապահովելու համար։