11:27 | 09.01.25 | Նորություններ | 292

ՏՏ ոլորտի միջին աշխատավարձը ամենաբարձրն է Հայաստանում

Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում միջին աշխատավարձը (հարկերը ներառյալ) կազմում է 1,125,000 դրամ, այն ամենաբարձրն է Հայաստանում:

Staff.am-ի հրապարակած «ՀՀ աշխատաշուկա 2024» հետազոտության մեջ նշվում է, որ ՏՏ-ն առաջատար ոլորտներից է եւ բոլոր աշխատանքների մոտ 27%-ը բաժին է ընկնում ՏՏ-ին:

Ոլորտում աշխատում է 31,848 մասնագետ:

Ըստ Staff.am-ի, ոլորտի ամենաակտիվ եւ ամենախոշոր գործատուներն են SoftConstruct եւ Digitain ընկերությունները:

Ամենապահանջված մասնագիտությունը ծրագրավորումն է, իսկ ամենահաճախ հանդիպող տեխնոլոգիան աշխատանքի հաստիքներում՝ JavaScript/JS Frameworks-ն է: Ամենապահանջված սոֆթ հմտությունը համարվում է «Ժամանակի կառավարումը»։

Հեռահաղորդակցության ոլորտում միջին աշխատավարձը (հարկերը ներառյալ) կազմում է 458,000 դրամ:

Հետազոտության համաձայն՝ հեռահաղորդակցությունը հինգերորդ ամենաակտիվ ոլորտն է Staff.am-ում:

Ոլորտում աշխատող մասնագետների թիվը գերազանցում է 13 000:

Ըստ staff.am-ի տվյալների՝ ամենաակտիվ գործատուներն են Viva, Յուքոմ եւ Տելոկոմ Արմենիա ընկերությունները: Ամենապահանջված մասնագիտությունն է վաճառքի եւ սպասարկման կազմակերպում։