12:04 | 19.12.24 | Նորություններ | 287
Ucom-ի աջակցությամբ 2024 թվականի մարտից Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը (FPWC) հնարավորություն է ստացել առավել արդյունավետ կերպով բնապահպանական աշխատանքը կազմակերպելու Կովկասյան կենսաբազմազանության ապաստարանի Արարատի մարզի տեղամասերում։
Հիմնադրամը տեսախցիկների օգնությամբ իրականացնում է վայրի կենդանիների մոնիթորինգ՝ հետեւելով վտանգված տեսակների տեղաշարժը եւ հավաքելով ճշգրիտ տեղեկատվություն կենդանիների վարքագծի մասին: Այս նպատակով օգտագործվում են բարձր հստակության ջերմային տեսախցիկներ, որոնց աշխատանքի համար բարձր արագությամբ ինտերնետ կապ է տրամադրում Ucom-ը։
Տեսախցիկները կիրառվում են նաեւ անտառային հրդեհների կանխարգելման համար՝ հնարավորություն տալով արագ արձագանքել հնարավոր հրդեհների բռնկմանը, ինչպես նաեւ շուրջօրյա հսկողություն սահմանել թիրախային տարածքներում՝ կանխելու ապօրինի որսը։
«Աշխարհի տեխնոլոգիական զարգացումը ինքնանպատակ չէ, այն պիտի ծառայի մարդկության բարօրությանը։ Մենք Ucom-ում հավատում ենք, որ առողջ շրջակա միջավայրը չափազանց կարեւոր է մարդկանց առողջության ու ապագայի համար։ Այդ պատճառով էլ մեծ սիրով ծառայեցնում ենք մեր ունեցած տեխնոլոգիաներն ու հնարավորությունները բնության պահպանմանը» - նշել է Ucom-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։
«Բարձր հստակության ջերմային տեսախցիկները մեզ համար ոչ միայն տեխնոլոգիական գործիք են, այլեւ՝ բնության պահպանման արդյունավետ միջոց Ucom-ի աջակցությամբ մենք կարող ենք հսկել մեր պահպանվող տարածքի հեռավոր եւ դժվարամատչելի տարածքները, պահպանել վտանգված տեսակներին՝ նվազեցնելով մարդու գործոնով պայմանավորված բնապահպանական ռիսկերը», - ասել է FPWC տնօրեն Ռուբեն Խաչատրյանը։
Ucom-ի աջակցությամբ Վայրի բնության եւ մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը նաեւ ձեռք է բերել Mitsubishi L200 մակնիշի ամենագնաց մեքենա՝ անտառապահների աշխատանքն ավելի արդյունավետ կազմակերպելու եւ աշխատանքային պայմանները բարելավելու համար։ Մեքենան կծառայի անտառապահներին՝ պահպանվող տարածքում հսկողությունը արդյունավետ կազմակերպելու համար։
Անտառապահները շուրջօրյա հսկողություն են սահմանում իրենց տեղամասում՝ բացառելով որսագողությունը, տեղադրում թակարդ-տեսախցիկներ կենսաբազմազանության մշտադիտարկման համար։ Նոր մեքենան կնպաստի կենսաբազմազանության տեսանկյունից կարեւոր տարածքներում պահպանության աշխատանքների արդյունավետության բարձրացմանը՝ ապահովելով արագ արձագանք եւ շարժունակություն:
Այս համագործակցությունը փաստում է, որ տեխնոլոգիական առաջընթացը կարող է էական ներդրում ունենալ բնության պահպանման եւ կայուն զարգացման գործում: