12:40 | 16.10.24 | Նորություններ | 169

Team-ը շարունակում է ներդրումներ անել AI տեխնոլոգիաների զարգացման համար

Team Telecom Armenia-ի աջակցությամբ կայացել է AI Conf 2024 համաժողովը, որը մեկ հարկի տակ է համախմբել արհեստական բանականության ոլորտի մասնագետներին, տելեկոմ եւ ֆինանսաբանկային ոլորտների ներկայացուցիչներին։

Միջոցառմանը բացման խոսքով ելույթ է ունեցել Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը՝ նշելով, որ ընկերությունը կարեւոր ներդրումներ է անում, որոնք սպասարկելու են AI տեխնոլոգիաներին եւ նպաստելու դրանց օգտագործման ծավալների մեծացմանը։

Միջոցառման նպատակն էր քննարկել եւ հասկանալ, թե ինչ քայլեր է անում Հայաստանը AI տեխնոլոգիաների կիրառման ուղղությամբ եւ ինչպես են տարբեր ոլորտների ընկերություններ սկսել օգտագործել դրանք։  

«Կառուցելով պրոդուկտը արհեստական բանականության միջոցով» պանելային քննարկման ընթացքում Team Telecom Armenia-ի պրոդուկտների եւ վիճակագրության բաժնի ղեկավար Վասիլի Պիսարեւը ներկայացրել է, թե ինչպես են ընկերությունում AI-ը օգտագործում նոր պրոդուկտներ մշակելու եւ մարքեթինգային արշավներ իրականացնելու համար։