11:40 | 16.10.24 | Նորություններ | 1428
«Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» կրթական ծրագիրը փորձարկող Վաղարշապատի Մաքսիմ Գորկու անվան N5 ավագ դպրոց է այցելել Flagship Pioneering ընկերության հիմնադիր տնօրեն, Moderna ընկերության համահիմնադիր եւ տնօրենների խորհրդի նախագահ, Հայաստանի գիտության եւ տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) համահիմնադիր դոկտոր Նուբար Աֆեյանը։
Դոկտոր Աֆեյանը հանդիպել է ծրագրի աշակերտներին, ծանոթացել նրանց առաջին նախագծերին եւ ոգեւորել սովորողներին՝ զարգացնելու նորարարության ձգտումն ու ստեղծարար միտքը։ Նրան միացել էր դոկտոր Արմեն Մկրտչյանը, որը գլխավորում է Pioneering Intelligence-ը՝ նախաձեռնություն կոչված ընդլայնելու արհեստական բանականության կիրառությունը Flagship Pioneering-ում եւ դրա պորտֆելի մեջ մտնող ընկերություններում։
«Դուք կարող եք ստեղծել այն, ինչ կարող եք երեւակայել։ Ես Ձեզ ուզում եմ քաջալերել, որ ոչ միայն արվեստի, այլեւ գիտության մեջ օգտագործեք ձեր երեւակայությունը»,- նշել է դոկտոր Աֆեյանն աշակերտների հետ զրույցում։
Դոկտոր Մկրտչյանն էլ, որն ինքն էլ ծնունդով Արմավիրից է, պատմել է Հայաստանից մինչեւ Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտ եւ Flagship Pioneering ընկերություն անցած իր ուղու մասին ու ոգեւորել ծրագրի մասնակիցներին՝ լավ սովորել, համարձակ մտածել ու բաց չթողնել արհեստական բանականության մեջ վաղ տարիքից մասնագիտանալու ընձեռված հնարավորությունը։
Վաղարշապատի N5 ավագ դպրոցը մեկն է հանրապետության այն 15 ավագ դպրոցներից, որոնք 2023 թվականի սեպտեմբերից փորձարկում են «ԱԲ սերունդ» ծրագրի դպրոցական բաղադրիչը։ FAST-ի՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հետ համատեղ իրականացվող այս ծրագիրը ներգրավել է 540 աշակերտ։ Ուսուցիչների եւ ԱԲ ոլորտի մասնագետների աջակցությամբ աշակերտներն ուսումնասիրում են խորացված մաթեմատիկա, Python ծրագրավորման լեզու եւ արհեստական բանականություն։
Նուբար Աֆեյանը լինելու է նոյեմբերի 16-ին Փարիզում կայանալիք FAST-ի «Advance Armenia Gala» բարեգործական ընթրիքի բանախոսներից մեկը։ Միջոցառմանը նվիրաբերված բոլոր միջոցներն ուղղվելու են «ԱԲ սերունդ»-ի աշակերտների ուսումնառության ապահովմանն ու ծրագրի ընդլայնմանը։