10:17 | 18.09.24 | Նորություններ | 1717

Google-ի պատվիրակությունն առաջին անգամ Հայաստանում է

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը Google ընկերության հետ համագործակցությունը զարգացնելու նպատակով հանդիպել է Հայաստանում առաջին անգամ աշխատանքային այցով գտնվող ընկերության պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Google ընկերության հետ համագործակցությունն առավել գործուն մակարդակի հասցնելու հնարավորություններն, անդրադարձ է եղել նաեւ Հայաստանում YouTube-ի դրամայնացման ակտիվացման խնդրին, ինչպես նաեւ Google քարտեզների ճշգրտման հարցերին:

«Google-ի տարբեր ծառայություններ հասանելի են մեր երկրում, սակայն մենք տեսնում ենք ավելի մեծ ներուժ երկկողմ հարաբերությունները զարգացնելու առումով՝ ամպային ծառայություններից մինչեւ արհեստական բանականության կիրառումը տարբեր ոլորտներում»,- ասել է նախարարը:

Ընկերության ներկայացուցիչները, անդրադառնալով համագործակցության նախադրյալներին եւ հնարավորություններին, ներկայացրել են իրենց առաջարկությունները՝ մշակույթի պահպանումից մինչեւ տեխնոլոգիական ոլորտ՝ առանձնահատուկ կարեւորելով Հայաստանում մարդկային ռեսուրսի դերն ու նշանակությունը: