14:16 | 16.09.24 | Նորություններ | 614

Team Telecom Armenia-ն WCIT2024/DigiTec-ի տեխնոլոգիական գործընկերն է

Հոկտեմբերի 4-ից 7-ը Երեւանը կդառնա տեխնոլոգիական առաջատար ընկերությունների ու մասնագետների հիմնական հավաքատեղին:

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի կունենա WCIT2024, իսկ Մերիդիան էքսպո կենտրոնում՝ DigiTec ցուցահանդեսը՝ «ՄՏՔԻ ՈՒԺԸ. Արհեստական բանականություն՝ սահմաններից այն կողմ՝ էթիկայի շրջանակներում» խորագրով։ Team Telecom Armenia-ն ստանձնել է այս երկու նշանակալի միջոցառումների գլխավոր տեխնոլոգիական գործընկերոջ դերը։

Այսօր WCIT2024/DigiTec-ի կազմկոմիտեի գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը, ԱՏՁՄ գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը եւ Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը կնքել են համագործակցության հուշագիր՝ եւս մեկ անգամ ընդգծելու բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման ռազմավարական կարեւորությունը։ Կոնգրեսի շնորհիվ այդ ուղղությամբ կիրականացվեն համատեղ միջոցառումներ՝ Հայաստանում մրցունակ եւ հարմարավետ բիզնես միջավայր ձեւավորելու նպատակով։

«Լինելով տեխնոլոգիական առաջատար ընկերություն, որը մշտապես հետեւում է աշխարհում տեղի ունեցող թվային փոփոխություններին` Team Telecom Armenia-ն խրախուսում է երիտասարդների շրջանում տեխնոլոգիական ոլորտի նկատմամբ հետաքրքրությունը եւ նպատակ ունի նպաստել հաջորդ սերնդի առաջնորդների ձեւավորմանը»,- ասված է հաղորդագրությունում:

«Պատահական չէ, որ Team-ը ստեղծելիս մեզ համար առաջնահերթ աջակցության ուղղություններ ենք ընտրել կրթությունը, գիտությունը եւ տեխնոլոգիաները։ Ընդամենը մի քանի շաբաթից կմեկնարկի երկու խոշորամասշտաբ տեխնոլոգիական միջոցառում, որոնցից մեկը մեր երկիրն է ներկայացնում տեխնոլոգիական աշխարհի քարտեզում, իսկ մյուսը՝ համաշխարհային փորձն է բերում այստեղ։ Ուրախ եմ, որ Team Telecom Armenia-ն եւս մեկ անգամ դարձավ այս տեխնոլոգիական տոնի կարեւոր մասը»,- ասել է Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը։

«WCIT2024/DigiTec-ն այն եզակի միջոցառումներից է, որն իր շուրջն է համախմբում ՏՀՏ եւ բիզնես համայնքն ամբողջ աշխարհից։ Մենք ամբողջ աշխարհին հնարավորություն ունենք ցույց տալու հայկական մտքի ներուժը։ Այս հարցում ուրախ եմ, որ մեր կողքին է գլխավոր գործընկերներից հայկական Team Telecom Armenia-ն, եւ համոզված եմ, որ մենք համատեղ ունենալու ենք հաջողված իրադարձություն»,-նշել է WCIT2024/DigiTec-ի կազմկոմիտեի գործադիր տնօրեն Հայկ Կարապետյանը:

ԱՏՁՄ գործադիր տնօրեն Սարգիս Կարապետյանը, կարեւորելով ԱՏՁՄ ռազմավարական անդամ Team Telecom Armenia-ի հետ այս միջոցառումների շրջանակում գործակցությունը, նշել է, որ ընկերությունն առանցքային դեր է ունեցել միության բոլոր հավակնոտ ծրագրերի հաջողության մեջ.

«Այս երկու տեխնոլոգիական միջոցառումները հոկտեմբերին Հայաստան կբերեն հարյուրավոր միջազգային ներդրողների, տեխնոլոգիական ոլորտի առաջատարների եւ հաջողակ ձեռներեցների։ Կհյուրընկալենք 15-ից ավելի հեղինակավոր լրատվամիջոցի, ինչպիսիք են Ֆորբսն ու Բենզինգան։ Սա անպայման մեծ ազդեցություն կթողնի հայկական տեխնոլոգիական ոլորտի զարգացման վրա՝ նպաստելով, որ հայկական ընկերությունները ձեռք բերեն միջազգային գործընկերներ, ներգրավեն խոշոր ներդրումներ եւ դուրս գան նոր շուկաներ»:

DigiTec ցուցահանդեսին այս տարի կրկին կներկայանա Team ընկերությունների խումբը, որում ներառված ընկերություններին միավորում է նորարար գաղափարներ կյանքի կոչելու ձգտումը, պրոֆեսիոնալիզմը, ինչպես նաեւ երկրի տնտեսության ցուցանիշների աճի վրա ազդելու մեծ ցանկությունը: Տաղավարում ներկայացված կլինեն Team Telecom Armenia, Team Pay, Team Solutions, Team Systems ու buy.am ընկերությունները, ինչպես նաեւ էլեկտրական մեքենաների լիցքավորման Team Energy նախագիծը։

Միջոցառումների օրերին Team Telecom Armenia-ն WCIT-ի ու DigiTec-ի այցելուներին ու մասնակիցներին կապահովի ոչ միայն ինտերնետային, այլեւ՝ տրանսպորտային կապով։