13:55 | 28.06.24 | Նորություններ | 2457
Հայ հիմնադիրներ ունեցող Synthflow ստարտափը հայտարարել է $7,4 միլիոն սաղմնային ներդրում ներգրավելու մասին՝ AI ձայնային աջակցության առանց կոդ հարթակի համար:
Ֆինանսավորումը ղեկավարում է Singular-ը՝ ընկերության գործող ներդրող Atlantic Labs-ի եւ մի շարք այլ AI ոլորտում ներդրողների մասնակցությամբ, այդ թվում՝ Krisp AI-ի հիմնադիրների BigStory VC-ով: Անցյալ տարվա գարնանը հիմնադրվելուց ի վեր, ստարտափն ընդհանուր առմամբ ստացել է 9,1 միլիոն դոլար ներդրում։
Բեռլինում հիմնված ստարտափը թույլ է տալիս հեշտությամբ, առանց կոդ գրելու, ստեղծել AI ձայնային օգնականներ՝ 24/7 ռեժիմով ելքային զանգեր կատարելու, ներգնա զանգերին պատասխանելու եւ հանդիպումներ պլանավորելու համար։
Synthflow-ի գործադիր տնօրեն եւ համահիմնադիր Հակոբ Աստաբացյանի խոսքով՝ ֆինանսավորումը կուղղվի R&D-ին, թիմը կշարունակի ակտիվացնել մշակումները՝ ավելացնելով արտադրանքի օգտակարությունը եւ ընդլայնելով հաճախորդ ՓՄՁ-ների շրջանակը։
Հակոբ Աստաբացյանը սերիական ձեռներեց է, նախկինում աշխատել է Rocket Internet-ի մշակման վրա: Նրան միացել են եղբայրը՝ Ալբերտը, իսկ Սասուն Միրզախան-Սաքին իր ինժեներական փորձով տեխնիկական գծով ղեկավարի դերն է ստանձնել։
Synthflow-ն մեկնարկել է անգլալեզու զանգերի սպասարկումով, քանի որ թիրախային եւ ամենամեծ շուկան անգլախոս է, դեռեւս բետա տարբերակով գործում են նաեւ գերմաներենն ու ֆրանսերենը: Ստարտափը մոտ 1000 հաճախորդ ունի:
Ձայնային գործակալների համար ստարտափը հիմնված է OpenAI-ի GPT LLM-ի վրա, բայց նաեւ ներառում է իր սեփական AI մոդելները, որոնք, Աստաբացյանի խոսքով, վերապատրաստվել են սեփական տվյալների վրա եւ համապատասխանեցված են հատուկ հաճախորդների օգտագործման դեպքերին: