12:40 | 30.05.24 | Հոդվածներ | exclusive 1871

«Աշխատանք գտնել եւ ոտքի կանգնել». դասընթացներ արցախցիների համար

Արցախից բռնի տեղահանված 25 երիտասարդ մասնակցել է Armenian Code Academy-ի (ACA) կազմակերպած դասընթացներին՝ ստանալով ՏՏ ոլորտում պահանջված մասնագիտություն:

«Շատ ես ոգեւորվում, երբ տեսնում ես ստեղծածդ»

10-րդ դասարանում սովորող 15-ամյա արցախցի Նանա Հարությունյանն արդեն հասցրել է UI/UX դիզայն ուսումնասիրել, մասնակցել է գրաֆիկ դիզայնի դասընթացներին:

«Կրթությունն ինձ համար շատ կարեւոր է: Սիրում եմ կարդալ, լեզուներ սովորել, զբաղվել ինքնակրթությամբ: Դասընթացների եւ Yandex Armenia-ի տրամադրած կրթաթոշակի մասին տեղեկացա տելեգրամյան մի ալիքից, անցա հարցազրույցի փուլ եւ ընտրվեցի:

Դասերի տեւողությունը 5 ամիս էր ու այս օրերին արդեն ներկայացնելու եմ ավարտական երկու նախագծերս: Առաջինը պոստերային աշխատանք է, երկրորդը՝ բրենդինգ», - պատմում է Նանան:

Նանա Հարությունյանը Նանա Հարությունյանը


Նրա խոսքով՝ ACA-ում հասցրել են ուսումնասիրել Figma, Photoshop, Illustrator ծրագրերը, որոնք լայն հնարավորություն են տալիս «իրականություն դարձնել սեփական մտքերն ու երեւակայությունը».

«Շատ ես ոգեւորվում, երբ տեսնում ես ստեղծածդ: Ինքնուրույն կարողանում ես գծել, ստեղծել, փոփոխել: Այնպես որ, գրաֆիկ դիզայնն ինձ շատ է դուր եկել: Չեմ բացառում, որ հետագայում կցանկանամ այս ուղղությամբ էլ ավելի հմտանալ»:

photo © ACA


«Նման դասընթացները շատ կարեւոր են, քանի որ հնարավորություն են տալիս կարճ ժամանակում ստանալ պահանջված մասնագիտություն: Հուսով եմ՝ դրանք կլինեն շարունակական», - ասում է Նանա Հարությունյանը:
 
«Մարդիկ թողել են ամեն ինչ ու հիմա ստիպված են զրոյից աշխատանք գտնել»

20-ամյա Սամվել Ջամալյանն Արցախից է: Երեւան է տեղափոխվել 2023թ. սեպտեմբերին: Սովորում է Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի առաջին կուրսում:

Սամվել Ջամալյանը Սամվել Ջամալյանը
photo © Մեդիամաքս


6 ամսվա ընթացքում նա ACA-ում սովորել է JavaScript ծրագրավորման լեզուն: Հաջորդիվ նախատեսվում են նաեւ ReactJS-ի դասընթացներ, որոնց եւս ցանկանում է մասնակցել:

«Ուսուցումն արդյունավետ էր: Խմբում 15 հոգով էինք, որոնցից երեքս՝ արցախցի: Այս ընթացքում սովորել ենք Front-end ծրագրավորում, կայքերի ստեղծում, ինչը շատ հետաքրքիր է: Առհասարակ, Երեւանում հաստատվելուց հետո հասկացել եմ, որ պետք է առանց ժամանակ կորցնելու սովորել: Բուհական եւ ծրագրավորման դասերին զուգահեռ սովորում եմ նաեւ անգլերեն: Այլ կերպ հնարավոր չէ: Պետք է կրթություն ստանալ, ունենալ մասնագիտություն եւ ոտքի կանգնել», - ասում է Սամվելը:

Սամվել Ջամալյանը Սամվել Ջամալյանը
photo © Մեդիամաքս


Նրա խոսքով՝ նույն կերպ տրամադրված են նաեւ իր ընկերները, ու նոր դասընթացների կազմակերպման դեպքում մեծ ոգեւորությամբ կմասնակցեն դրանց.

«Այս ծրագրերը շատ օգտակար են հատկապես արցախցիների համար, քանի որ մարդիկ թողել են ամեն ինչ ու հիմա ստիպված են զրոյից աշխատանք գտնել, կարգավորել իրենց կյանքը: Երիտասարդներին հնարավորություն է տրվում ստանալ պահանջված մասնագիտություն»:

Ս.թ. մայիսի 30-ին Armenian Code Academy-ն անցկացնելու է «Տեխնոլոգիական կրթություն» հիմնադրամի շնորհանդեսը: Մեկնաբանելով արցախցի երիտասարդների համար կազմակերպվող դասընթացները, հիմնադրամի գործադիր տնօրեն Լեւոն Թադեւոսյանն ասել է.

photo © ACA


«Մեր առաքելությունն է բարձրորակ տեխնոլոգիական կրթությունը հասանելի դարձնել ողջ Հայաստանում։ 2023 թվականից մենք, Yandex Armenia ընկերության և այլ գործընկերների օժանդակությամբ կրթաթոշակներ ենք տրամադրում Արցախից մեր հայրենակիցներին: Մինչ օրս տրամադրել ենք մոտ 380 կրթաթոշակ՝ օգնելով նրանց զարգացնել տեխնոլոգիական հմտությունները և մրցունակ լինել աշխատաշուկայում»:

Յանա Շախրամանյան

Լուսանկարներն՝ Էմին Արիստակեսյանի