10:54 | 19.04.24 | Հոդվածներ | exclusive 3450

AMADEE-24․ բարի վերադարձ՝ Կապույտ մոլորակ

Ամփոփվել է «AMADEE-24» Մարսի անալոգային հետազոտական առաքելությունը, որի մեկնարկը տրվել էր մարտին Արարատի մարզի Արմաշ գյուղում։

«AMADEE-24»-ը տիեզերական տեխնոլոգիաների անալոգային հետազոտությունների ոլորտում հեղինակավոր ծրագիր է, որն այս տարի հյուրընկալել եւ կազմակերպել են «Հայկական աերոտիեզերական գործակալությունն» ու «Հայկական տիեզերական ֆորումը», իսկ կառավարումն իրականացնում էր «Ավստրիական տիեզերական ֆորումը»։

Մարսյան անալոգային կայանը Հայաստանում էր, իսկ թռիչքի կառավարման եւ պլանավորման, գիտության հեռավար աջակցության եւ մեդիա թիմերը տեղակայված էին Վիեննայում։ Առաքելությանը մասնակցում էին տիեզերական հետազոտական տարբեր հաստատություններից եւ գործակալություններից ներկայացուցիչներ՝ ավելի քան 250 գիտնական 26 երկրից։

photo © OeWF


Հենց «երեւակայական Մարսի» կամ Արմաշի «Մարսյան կայանում» էլ բարձր պատրաստվածություն ունեցող անալոգային տիեզերագնացներից եւ գիտնականներից բաղկացած անձնակազմը մարտի 12-ին մեկուսացավ եւ շուրջ մեկ ամսվա ընթացքում տարբեր մարսագնացների եւ ռոբոտատեխնիկայի միջոցով իրականացրեց 13 գիտափորձ՝ նախապատրաստվելով մարդ-ռոբոտ փոխգործակցությամբ Մարսի ապագա հետախուզական առաքելություններին:

«Այսօր այստեղ գտնվելը դեպի Մարս ապագա թռիչք տանող փոքր քայլերից մեկն է, եւ մենք առաջինը չենք, որ տիեզերքը Հայաստան է բերել․ այն հայկական նորարարական մշակույթի մասն է եղել դեռեւս տասնամյակներ առաջ։ Ինչպիսին էլ դեպի Մարս տանող ճանապարհը լինի, բոլորը կհիշեն, որ առաջին կարեւորագույն քայլերից մեկն արվել է հենց այստեղ՝ Արմաշում։ Մեզ համար պատիվ էր համագործակցել հայ գործընկերների՝ երիտասարդ մասնագետների եւ ուսանողների խմբի հետ, որոնք վերապատրաստվել եւ Առաքելության աջակցման կենտրոնի մասն են կազմել»,- առաքելության ամփոփիչ միջոցառման բացման խոսքում նշել է Ավստրիական տիեզերական ֆորումի տնօրեն Գերնոտ Գրյոմերը։

photo © OeWF


Itel.am-ի հետ զրույցում Անալոգային տիեզերագնացների թիմի հրամանատար Անիկա Մեհլիսը նշել է, որ սա իր երկրորդ առաքելությունն էր Իսրայելից հետո եւ մեկուսացման ընթացքում խառը զգացողություններ ու հույզեր է ունեցել․

«Եղել են ժամանակներ, երբ ուրախ ու գոհ ենք եղել, քանի որ կարողացել ենք լավ արդյունքներ գրանցել, նաեւ եղել են դեպքեր, երբ մի փոքր հիասթափվել ենք, քանի որ ինչ-որ բան պլանավորածի պես չի գնացել։ Այս առաքելության ժամանակ Մարսյան մոդուլային կայանն այլ էր, ունեինք պատուհաններ եւ մի կողմից հրաշալի էր ամեն առավոտ տեսնել Արարատ լեռը, բայց նաեւ այն Երկրի վրա լինելու մասին էր հիշեցնում։

Կարող եմ ասել, որ շատ ու տարբեր էին էքսպերիմենտներն ու գիտական փորձերը։ Կարեւոր էր համոզվել՝ դրանք իրագործելի են։ Ես ավելի սիրում եմ կենսատեխնոլոգիական ոլորտի էքսպերիմենտները, քանի որ դրանք իմ ոլորտին են վերաբերում։ Ինձ նաեւ դուր է գալիս մարսագնացներ վարելը։

Թիմի հետ մեկուսացման փուլն ընդհանրապես դժվար չէր, քանի որ մենք նախկինում միասին շատ ենք աշխատել ու միմյանց լավ ենք ճանաչում, ընկերներ ենք։ Բացի այդ, այնքան շատ գործ ունեինք անելու, որ ձանձրանալու ժամանակ չկար:

Կարծում եմ Քովիդից հետո էլ հատկապես մեկուսացումն այլեւս նորություն չէ եւ սովորական է դարձել շատերիս համար»,- ասել է Անիկա Մեհլիսը։

photo © OeWF


«Արդյունքների մասին խոսել դեռ շուտ է, քանի որ մենք հավաքել ենք բոլոր անհրաժեշտ ինֆորմացիան ու տվյալները, փոխանցել Առաքելության կառավարման կենտրոն եւ դեռ ժամանակ է հարկավոր այդ տվյալները վերլուծելու ու եզրակացություններ անելու համար։ Այս տեղանքում, կարելի է ասել, գիտնականների ձեռքերն ու աչքերն էինք, շուրջ 25 երկրից գիտանականներ են աշխատել մեզ հետ: Բոլորի աշխատանքները դեռ պետք է հավաքագրվի ու ամփոփվի։

Սա իմ 4-րդ առաքելություն է եւ դրանք բոլորը տարբերվում են միմյանցից։ Այս մեկի հիմնական տարբերությունը մոդուլային կայանն էր․բավականին ընդարձակ էր եւ առանձնացված էին գիտական ու սոցիալական հատվածերը։ Կնշեմ եղանակային պայմանների մասին. առաքելության ընթացքում անձրեւեց, ինչը նույնպես իր ազդեցությունն ունեցավ։ Ամեն օր տեսնում էինք նաեւ Արարատ լեռն ու այժմ ինձ համար Մարսի իմ սիրելի լեռը Արարատն է»,- ասել է անալոգային տիեզերագնաց Ինգո Մունոզ Էլոզան։

Նախագծի իրականացումը տարիների աշխատանքի արդյունք էր։ Երեք տարի առաջ, երբ Ավստրիական տիեզերական ֆորումը հերթական անգամ առաքելության անցկացման վայր էր ընտրում, հյուրընկալ երկրների ցանկում էր նաեւ Հայաստանը։ Կարմիր մոլորակի հետ երկրաբանական ու տեղագրական նմանությունների շնորհիվ մի շարք այլ դիտարկվող տեղանքներից, ի վերջո, Արմաշ գյուղի տարածքն ընտրվեց որպես «AMADEE-24» առաքելության իրականացման վայր։

Առաքելության հայաստանյան նախաձեռնող խմբի անդամ Հայկ Ասլանյանը մեզ հետ զրույցում նշել է, որ սպասումներն ավելին քան արդարացել են, որոնք էլ իրենց հերթին պատասխանատվություն են ստեղծել հաջորդ ավելի մասշտաբային ծրագրեր իրականացնելու գործում, ինչպես նաեւ Հայաստանը տիեզերական հետազոտությունների համար երկիր դիրքավորելու հարցում։

photo © OeWF


«Այս միջոցառումը Հայաստանին տվեց հնարավորություն միջազգային հանրությանը ներկայանալ որպես խոշոր տիեզերական միջոցառումների համար երկիր, ստեղծվեցին համատեղ գիտական նախաձեռնություններ եվրոպացի գիտնականների հետ, որն ապագայում շարունակական բնույթ կկրի։ Ստեղծվեց հնարավորություն Հայաստանի մասնակցությամբ անցկացնել Գլոբալ անալոգային միջոցառում, որը նախատեսվում է 2025 թվականի սեպտեմբերին։ Առաքելության ավարտից հետո Մարսի անալոգային կայանն Արմաշում շարունակելու է գործել, եւ մենք նախապատրաստվելու ենք նոր մասշտաբային ծրագրերի»,- ասել է Հայկ Ասլանյանը։

Նորամուծության եւ ձեռներեցության ազգային կենտրոնի տնօրեն Հայկ Մարգարյանի խոսքով՝ Հայաստանի տարբեր կառույցներ առաքելության կազմակերպման հարցում բավականին բաց էին եւ պատրաստակամ․

«Երբ ստորագրվեց համաձայնագիրը, որով անցկացվելու էր այս առաքելությունը, մենք սկսեցինք խոսել ու բանակցել տեղական ինքնակառավարման մարմինների, տարբեր կառույցների հետ տարածքի հարցերը լուծել, այնուհետեւ սարքավորումների տեղափոխումը կազմակերպել։ Կարող եմ ասել, որ Հայաստանում բյուրոկրատական ու փաստաթղթային գործընթացները բավականին հեշտ ու արագ էին։ Մեզ միացան մասնավոր գործընկերներ, որոնց աջակցությամբ նույնպես այս ամենն իրականություն դարձավ»։

photo © OeWF


Մեկ ամսվա ընթացում իրականացված գիտափորձերի թվում էին «Genes4Mars»-ը՝ տիեզերագնացների առողջության եւ կատարողականության կենսամարկերների որոնումն ու մոնիթորինգը, «GeoPrep»-ը՝ ուղղված դաշտային վերլուծությունների եւ վերադարձի առաջնահերթությունների համար աստղաերկրաբանական նմուշի նախապատրաստմանը, «Hort³Space»-ը՝ մշակաբույսերի տիեզերական արտադրությունը։ Մյուս գիտափորձերն էին «IAQHabitat»-ը, «FarSide»-ը, «Staying Alive»-ը, «PRESSURE»-ը, «EIEE»-ն, «HUMANISE»-ը, «MEROP»-ը, «SAMPLE»-ը, «iROCS»-ն ու «ALIX»-ը։

photo © OeWF


«Հայաստանի համար կարեւոր է ինտեգրվել եվրոպական, համաշխարհային գիտական շրջանակներին եւ խոսել մեր տիեզերական հավակնությունների մասին։ Մեր նպատակն էր մի օր դառնալ ոլորտի խոշորագույն ծրագրերից մի օղակը։ Այսօր համաշխարհային տիեզերական նախագծերում ներգրավված են բազմաթիվ հայազգի մասնագետներ։ Մեր երազանքն է Հայաստանն աշխարհին ներկայացնել որպես տիեզերական ծրագրեր իրականացնող երկիր, եւ այս առումով սա շատ կարեւոր նախաձեռնություն էր», - իր ելույթում նշել է Հայաստանում «AMADEE-24» առաքելության հյուրընկալող խմբի ներկայացուցիչ Մհեր Մեհրաբյանը:

photo © OeWF


Միջոցառման ավարտին Գերնոտ Գրյոմերը, ի նշան արդյունավետ համագործակցության եւ առաքելության հաջող ընթացքի, հայկական կողմին նվիրեց աշխարհի հազարավոր երկրներից բերված ժայռակտորների եւ մարսյան երկնաքերի միաձուլումից ստացված բյուրեղապատ հուշանվերը։
Ամփոփիչ միջոցառման ընթացքում հյուրերն արդեն «Երկրում» դիմավորեցին անալոգային տիեզերագնացներին, հնարավորություն ունեցան զրուցել, լուսանկարվել նրանց հետ, ինչպես նաեւ ծանոթանալ գիտափորձերի ռոբոտատեխնիկայի փորձարկումներին։

photo © OeWF


Ծրագիրն իրականացվել է Արարատի համայնքապետարանի եւ ՀՀ Ազգային ժողովի Հայաստան-Ավստրիա բարեկամական խմբի աջակցությամբ։ Գլխավոր հովանավորն էր GTB Holding-ը, ռազմավարական գործընկերներն էին՝ Արեն Մեհրաբյան Հիմնադրամը, Engined AM-ը, Instigate-ը եւ «Իրական դպրոց»-ը, ՍԱՍՏԻԿ-ը, Լիգան, տեխնոլոգիական գործընկերներն էին՝ Team Telecom Armenia-ն, VEGA-ն, PROFAL-ը։ Գործընկերների թվում էին նաեւ Shell-ը, ՍասՏեքստ-ը եւ Դիլին։