17:26 | 24.05.24 | Հոդվածներ | exclusive 2965

«Java ծրագրավորման հիմունքներ». Երբ ծրագրավորում սովորելու համար անգլերեն իմանալն առաջնային չէ

DataArt ընկերության հայաստանյան գրասենյակում տեղի է ունեցել Կարո Հակոբյանի «Java ծրագրավորման հիմունքները» գրքի շնորհանդեսը: Այն տպագրվել է «Էդիթ Պրինտ» հրատարակչության հետ համագործակցությամբ:

Ինչպես նշել է հրատարակչության ներկայացուցիչը՝ «2023թ. տվյալներով՝ ՀՀ-ում ՏՏ ոլորտում գործունեություն է ծավալել 11 671 տնտեսվարող՝ ապահովելով 837 միլիարդ դրամի շրջանառություն: Ոլորտում աշխատում է մոտ 34 հազար մարդ՝ միջինում 1 մլն դրամ աշխատավարձով: Սրան զուգահեռ՝ կան որոշակի խնդիրներ, որոնցից մեկը հայալեզու մասնագիտական գրականության պակասն է»:

photo © Մեդիամաքս


Itel.am-ը ներկա է եղել «Java ծրագրավորման հիմունքները» գրքի շնորհանդեսին եւ առանձնացրել հետաքրքիր դրվագները:

Բացատրել ծրագրավորման տրամաբանությունը

«Գիրքն այն մարդկանց համար է, որոնք երբեք ծրագրավորմամբ չեն զբաղվել, բայց ցանկանում են սովորել: Միեւնույն ժամանակ, այն կարող է օգտակար լինել նաեւ գործող ծրագրավորողներին», - Itel.am-ին ասել է հեղինակ Կարո Հակոբյանը:

Նա Թեհրանի պետական համալսարանի մաթեմատիկայի եւ համակարգչային գիտությունների մասնաճյուղի առաջին շրջանավարտներից է, ինչից հետո կրթությունը շարունակել է Շվեդիայում՝ Ուփսալայի համալսարանում:

Կարո Հակոբյանն ավելի քան 25 տարի դասավանդել է շվեդական կրթական համակարգում՝ որպես համակարգչային գիտությունների եւ ծրագրավորման մասնագետ.

Կարո Հակոբյանը Կարո Հակոբյանը
photo © Մեդիամաքս


«Ինձ ավելի հեշտ կլիներ շվեդերենով գրել, բայց ցանկանում էի, որ ի վերջո հայերենով ծրագրավորման գիրք ունենանք: Փորձել եմ անել այնպես, որ փոխանցվող գիտելիքը քայլ առ քայլ ավելանա՝ առաջնային, ամենապարզ հմտություններից մինչեւ մասնագիտական լուրջ կարողություններ: Գրքից կարող են օգտվել ինչպես դպրոցականներն ու ուսանողները, այնպես էլ՝ մասնագետ ծրագրավորողները»:

Հեղինակը նշել է՝ հայերենով գրելուց բացի, գրքում ներառել է նաեւ խիստ հայկական օրինակներ.

«Կա առաջադրանք՝ հաշվել, թե քանի «ա» տառ կա «Ես իմ անուշ Հայաստանի արեւահամ բարն եմ սիրում» նախադասության մեջ: Այն օտարազգի մարդուն ոչինչ չի ասի, իսկ հայերի ականջին կհնչի հարազատ»:  

Կարո Հակոբյանի խոսքով՝ ծրագրավորման ոլորտը պարտադրում է անընդհատ սովորել, ընդ որում՝ սովորել գիտակցված.

photo © Մեդիամաքս


«Ծրագրավորման նոր լեզուներ սովորելը բավարար չէ: Պետք է նախ եւ առաջ, հասկանալ ծրագրավորման հիմքը, տրամաբանությունը: Ոլորտում եմ տասնյակ տարիներ, ծրագրավորել եմ շուրջ 30-35 տարբեր լեզուներով եւ պետք է ընդգծեմ՝ այս գրքի նպատակը ոչ թե Java կամ այլ լեզու սովորեցնելն է, այլ՝ բացատրելը ծրագրավորման հիմունքները, սկզբունքներն ու տրամաբանությունը: Եթե մասնագետը հասկանում է դա, նոր լեզու սովորելը դառնում է քերկանությունը յուրացնելու պես մի բան: Սա սովորելու անսահման հնարավորություններով մի ոլորտ է, որում հայտնվողն այլեւս երբեք դուրս գալու ճանապարհը չի գտնում (ժպտում է – հեղ.)»:  

Գիրքը՝ ՏՏ-ն մարզեր տանելու գործիք

Շնորհանդեսին ներկաներն ընդգծել են՝ Կարո Հակոբյանի «Java ծրագրավորման հիմքունքները» հնարավորություն է տալիս, որպեսզի անգլերենին չտիրապետող մարդիկ եւս այսուհետ կարողանան ծրագրավորում սովորել՝ գոնե նախնական փուլում:

Մկրտիչ Կարապետյան, «Էդիթ Պրինտ» հրատարակչության հիմնադիր նախագահ

Մեր հրատարակչությունը միշտ զբաղվել է կրթական գրականությամբ: Ինչպես նշվեց՝ անկախ ՏՏ ոլորտի հաջողություններից, այստեղ հայալեզու գրականության պակաս կա: Այդ պատճառով, երբ Կարո Հակոբյանը դիմեց մեզ գիրքը տպագրելու առաջարկով, կարճ զրույցից հետո հասկացանք՝ կհամագործակցենք ոչ միայն այս գրքի հարցում, այլեւ՝ ծրագրավորման ոլորտում հայալեզու գրականության հրատարակումը կդարձնենք շարունակական: Առաջիկայում լույս է տեսնելու նաեւ հեղինակի՝ Java լեզվի մասին ավելի սեղմ՝ դպրոցականների համար նախատեսված գիրքը:

Մկրտիչ Կարապետյանը Մկրտիչ Կարապետյանը
photo © Մեդիամաքս


Սա կարեւոր է, քանի որ կարծում եմ՝ ՏՏ ոլորտում գիտելիքը պետք է փոխանցել դեռ դպրոցական տարիներից: Հայաստանը, ցավոք, բնական շատ ռեսուրսներ չունի եւ լավ կլինի, որ այս ոլորտում գործունեություն ծավալող 34 հազար մարդը, դառնա 60, 100 հազար:  

Արտակ Պողոսյան, Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնի տնօրեն

Հուսով  եմ՝ սա մեր ուսանողների եւ ոլորտի մասնագետների համար սեղանի գիրք կդառնա: Շատ է քննարկվում, որ Հայաստանում ՏՏ ոլորտը զարգացման մեծ ներուժ ունի: Այն իրացնելու համար պետք են մասնագետներ: Հայալեզու գրականությունը կարող է շատ օգտակար լինել այդ մասնագետներին կրթելու գործում:

Արտակ Պողոսյանը Արտակ Պողոսյանը
photo © Մեդիամաքս


Մի կարեւոր նկատառում՝ Կարո Հակոբյանի գրքում հայերեն թարգմանված բոլոր մասնագիտական հասկացությունների կողքին նշված են նաեւ դրանց անգլերեն, միջազգայնորեն ընդունված անվանումները: Այսինքն մարդը, որն այս գրքով կսկսի ծանթանալ ծրագրավորմանը, հետագայում խնդիր չի ունենա այս կամ այն հասկացությունն արդեն աշխատանքում հանդիպելիս:

Մեծ ցանկություն ունեմ, որ ծրագրավորմանը ծանոթացող ուսանողներ չմնան «coder»-ի մակարդակում, այլ՝ դառնան ինժեներներ, որովհետեւ սա շատ անհրաժեշտ է Հայաստանին:

Իշխան Մարգարյան, DataArt-ի հայաստանյան գրասենյակի փոխտնօրեն

Գիրքը, գրքի ծնունդը շատ կարեւոր իրադարձություն է: Հատկանշական է, որ նույնիսկ Ցեղասպանության ընթացքում մեր պապերն իրենց հետ տարել են ու փորձել փրկել գրքերը: Կարծում եմ՝ այս գրքի հրատարակումն իսկապես մեծ իրադարձություն է: Այո, ծրագրավորման լեզուն անգլերենն է, բայց, ցավոք, այն միշտ չէ հասանելի ու հասկանալի շատերին: Հատկապես մարզերում կան շատ երիտասարդներ, որոնք ցանկանում են ծրագրավորում ուսումնասիրել, սակայն չգիտեն անգլերեն: Միեւնույն ժամանակ, մեր ընկերությունն առաջնորդվում է սկզբունքով, որ ՏՏ ոլորտը կարող է զարգանալ, եթե դրանում ներառված լինի նաեւ մարզերի ներուժը:

Իշխան Մարգարյանը Իշխան Մարգարյանը
photo © Մեդիամաքս


Շատ շնորհակալ եմ հեղինակին: Մենք էլ, որպես ոլորտի ընկերություն, տարածելու ենք այս գիրքը, խորհուրդ ենք տալու ու այն մեզ համար լինելու է ՏՏ-ն մարզեր տանելու գործիքներից մեկը:

Արսեն Բաբայան, Adobe-ի Հայաստանի տեխնիկական տնօրեն

Այս գիրքն առաջին հերթին փոխեց վերաբերմունքս հայերենի նկատմամբ: Երբ լսեցի գաղափարի մասին, մտածեցի՝ չի ստացվելու: Անհնար է հայերենով սովորեցնել Java ծրագրավորում: Բայց առաջին անգամ նախնական տարբերակին ծանոթանալուց հետո արձագանքեցի՝ հայերենով կարդալը խորթ էր, բայց՝ սահուն:

photo © Մեդիամաքս


Շատ շնորհակալ եմ գրքի հեղինակին, որ փոխեց վերաբերմունքս հայերենի նկատմամբ՝ ցույց տալով, որ մեր մայրենի լեզուն բավականին հարուստ է ժամանակակից, տեխնիկական գաղափարներ ներակայացնելու համար:

Արսեն Բաբայանը Արսեն Բաբայանը
photo © Մեդիամաքս


Ինձ հաճախ են հարցնում՝ ինչպես սկսել սովորել ծրագրավորում: Երեւի տասը դեպքից վեցում պատասխանում եմ՝ նախ սովորեք անգլերեն: Հիմա այդ պատասխանը կփոխվի, որովհետեւ այս գրքի շնորհիվ անգլերենն այլեւս սկսելու նախապայման չէ:

Յանա Շախրամանյան

Լուսանկարները՝ Էմին Արիստակեսյանի