12:55 | 29.05.24 | Նորություններ | 920

«ՍոֆթԿոնստրակտ» տեխնոլոգիական ընկերությունը ՀՀ 11-րդ խոշոր հարկատուն է

Հայաստանի ամենախոշոր ՏՏ ընկերություն հանդիսացող «ՍոֆթԿոնստրակտ» ՓԲԸ-ն արդեն երրորդ տարին անընդմեջ իր հաստատուն տեղն է զբաղեցնում Հայաստանի խոշոր հարկ վճարող կազմակերպությունների քսանյակում։

2022 թվականին այն եղել է 18-րդ խոշոր հարկատուն եւ առաջինը՝ ՏՏ ընկերությունների շարքում, 2023 թվականին զբաղեցրել է խոշոր հարկ վճարողների 20-րդ հորիզոնականը եւ կրկին առաջինն էր ՏՏ ընկերությունների մեջ։ 2024 թվականի առաջին եռամսյակի տվյալներով «ՍոֆթԿոնստրակտ» ՓԲԸ-ն ոչ միայն շարունակում է մնալ առաջինը ՏՏ ընկերությունների շարքում որպես խոշոր հարկատու, այլեւ բարձրացել է այդ անվանացանկի 11-րդ հորիզոնական։

2024 թվականի առաջին եռամսյակում «ՍոֆթԿոնստրակտ»-ի կողմից վճարված հարկերի ծավալը գերազանցել է 3,6 միլիարդ դրամը։ Այս ծավալը վերաբերում է գերազանցապես տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում ընկերության կողմից իրականացված գործունեությանը։



«Պատասխանատվություն, թափանցիկություն եւ արդյունավետ կորպորատիվ կառավարում՝ «ՍոֆթԿոնստրակտ» ՓԲԸ գործունեությունը կառուցվում է այս կարեւորագույն սկզբունքների վրա, որոնք հետեւողականորեն ամրապնդվում են։

Հենց այս գործելաոճն է ապահովել հարկատուների ցանկում բարձր ցուցանիշի արձանագրումը, որի հիման վրա կարելի է վստահորեն պնդել՝ «ՍոֆթԿոնստրակտ»-ը ոչ միայն Հայաստանի խոշորագույն ՏՏ ընկերությունն է, այլեւ խոշոր հարկատուներից մեկը եւ շարունակելու է ամրապնդել իր առաջատար դիրքերը»,- ասված է հաղորդագրությունում։