10:58 | 29.05.24 | Նորություններ | 963
OVIO ընկերությունն (նախկին Ռոստելեկոմ Արմենիա) իրականացրել է Հայաստանում խոշորագույն եւ ամենահզոր Տվյալների մշակման կենտրոնի պաշտոնական բացման արարողությունը։
Կոմերցիոն շահագործման հանձնված Տվյալների մշակման կենտրոնն իր հզորություններով կապահովի Հայաստանում տվյալների կառավարման եւ ամպային ծառայությունների հիմնական մասը։
Ամպային ծառայությունները ընկերության առաջարկների շարքում առանցքային տեղ կզբաղեցնեն՝ տրամադրելով մասշտաբային, անվտանգ եւ արդյունավետ լուծումներ։
OVIO-ի Տվյալների մշակման կենտրոնը կառուցված է TIER III սարքավորումների եւ ենթակառուցվածքների հուսալիության բարձր ստանդարտներով, ինչը ենթադրում է տվյալների կրկնակի պատճենման ապահովում, սնուցում էլեկտրամատակարարման երկու ենթակայանից, հովացման պահուստային համակարգ, սպասարկման եւ թարմացումների ժամանակ տվյալների մշակման կենտրոնի անխափան աշխատանք եւ այլ առավելություններ։ Այս հուսալի ենթակառուցվածքը հաճախորդի համար կապահովի անխափան հասանելիություն տվյալներին եւ սպասարկում 24/7 ռեժիմով։
«Մեծ պատիվ է ազդարարել Հայաստանում խոշորագույն տվյալների մշակման կենտրոնի պաշտոնական գործարկման մասին։ Այս գերժամանակակից կառույցի գործարկումը կարեւոր քայլ է մեր երկրի տեխնոլոգիական զարգացման ուղղությամբ եւ ընդգծում է համաշխարհային ՏՏ միջավայրում Հայաստանի դիրքերն ամրապնդելու մեր հանձնառությունը։ Իմ երախտագիտությունն եմ հայտնում մեր նվիրված թիմին, մեր գործընկերներին եւ Հայաստանի կառավարությանը աջակցության համար։ Կարող եմ ասել, որ մեր Տվյալների մշակման կենտրոնը կգործի որպես տնտեսական աճի կատալիզատոր՝ ներգրավելով արտասահմանյան ընկերություններին, ինչպես նաեւ կկենտրոնացնի տեղական տեխնոլոգիական ներուժը: Տվյալների մշակման կենտրոնի շնորհիվ ստեղծվել են եւ դեռ ստեղծվելու են հարյուրավոր աշխատատեղեր, որտեղ աշխատում են որակավորված մասնագետներ, ովքեր շարունակաբար անցնում են վերապատրաստումներ» - նշել է OVIO ընկերության գլխավոր տնօրեն Հայկ Ֆարամազյանը:
Այս հավակնոտ նախագծի շրջանակում կառուցվել է ավելի քան 200 դարակաշար. այն կլինի Հայաստանում ամենամեծ տվյալների մշակման կենտրոնը, որը կապահովի տվյալների անվտանգ մշակում, պահպանում մեծ եւ փոքր բիզնեսի, ինչպես նաեւ պետական կառույցների համար` հնարավորություն տալով նաեւ խնայել թանկարժեք սարքավորումներ ձեռքբերելու եւ դրանց սպասարկման համար անհրաժեշտ հսկայական գումարները։ Կառույցը տեղակայված է Աբովյան քաղաքում՝ մայրաքաղաք Երեւանից ընդամենը 16 կիլոմետր հեռավորության վրա, որի ռազմավարական դիրքն ապահովում է հարմարավետություն եւ արագ հասանելիություն ինչպես տեղական, այնպես էլ միջազգային հաճախորդների համար՝ տրամադրելով ամենատարբեր լուծումներ։
Հաշվի առնելով երկրի համար ռազմավարական նշանակությունը՝ ընկերության կողմից կառուցված Տվյալների մշակման կենտրոնի ներդրումային ծրագիրն արժանացել է ՀՀ Կառավարության հավանությանը եւ ներառվել ՀՀ Էկոնոմիկայի «Ենթակառուցվածքներ ներդրումների դիմաց» օժանդակության տրամադրման ծրագրում։