17:59 | 27.05.24 | Նորություններ | exclusive 1702

Ազգային դոմենի ստեղծումը, կառավարումն ու մարտահրավերները

Այս տարի լրանում է Հայաստանի ազգային «․am» դոմենային տիրույթի 30-ամյակը։ Այն ստեղծվել է 1994 թվականի օգոստոսին INET-93 միջազգային ցանցային համաժողովի Հայաստանի մասնակցությունից հետո։ «Ինտերնետ Հանրություն» ՀԿ-ն իրականացնում է ազգային «․am» եւ «.հայ» դոմենների կառավարումն ու առաջխաղացումը Հայաստանում եւ աշխարհում։

Այս առիթով iTel.am-ն ազգային դոմենային տիրույթի ստեղծման, կառավարման, մարտահրավերների, ինչպես նաեւ համացանցային համաշխարհային տենդենցների եւ Հայաստանի վրա դրանց ազդեցության մասին զրուցել է «Ինտերնետ Հանրություն» ՀԿ փոխնախագահ Վահան Հովսեփյանի հետ:

Ազգային դոմենային տիրույթի ստեղծումն ու առաջին կայքը

1994 թվականին «Ինտերնետ Հանրություն» ՀԿ ղեկավար Իգոր Մկրտումյանը Հայաստանի ամերիկյան համալսարանի կողմից գործուղվել է Ամերիկայի Միացյալ Նահանգներ INET-93 միջազգային ցանցային համաժողովին մասնակցելու, որտեղ էլ հայտ է ներկայացվել ու բացվել է Հայաստանի «․am» դոմենը։ 1995 թվականի դեկտեմբերին արդեն Ֆիզիկայի Ինստիտուտը գրանցել է առաջին կայքը՝ yerphy.am-ը։ Այնուհետեւ սկսվեց դոմենային տիրույթի զարգացման փուլը։ Մեկ տարվա ընթացքում մոտ 10 դոմեն էր գրանցվել, ներկայում տարեկան 10 հազար դոմեն է գրանցվում կամ վերագրանցվում։ Մոտ 6-8 տոկոս աճ ենք տեսնում, ինչը վատ չէ։ Հայաստանում գործում է մոտ 45 հազար «․am» դոմենով կայք:

Ավելի ուշ, «Համընդհանուր ընդունում» շարժման (Universal Acceptance) շրջանակում ստեղծվեց նաեւ «․հայ» դոմենային տիրույթը։ Դա հատուկ նախաձեռնություն է, որի շրջանակում տարբեր երկրներ կարող են իրենց լեզվով ունենալ իրենց դոմենային տիրույթը։ Արդեն 8 տարի է, ինչ գործում է «.հայ» հայատառ դոմենը, նախորդ տարվանից մեր մասնագետները հնարավոր են դարձրել նաեւ լիովին հայատառ էլ. հասցեների փորձնական գործարկումը։

Դոմենային տիրույթների կառավարման առանձնահատկությունները

«Ինտերնետ Հանրություն» ՀԿ-ն դոմենային կառավարումն իրականացնում է ICANN կազմակերպության լիազորությամբ, որը տալիս է համապատասխան ուղեցույցներ։  Մենք էլ մեր հերթին մշակում ենք քաղաքականությունը, որը տարածվում է բոլոր այն կազմակերպությունների վրա, որոնք վաճառում են դոմեններ։ Նրանք պետք է համապատասխանեն այդ պահանջներին, դոմենների վաճառքի ու սպասարկման ընթացքում ենթարկվեն սահմանված կանոններին։

Մենք կարող ենք արգելափակել այն կայքերը, որտեղ կարող են տարածվել ատելության խոսք, թրաֆիքինգ, ռասսայական խտրականություն, պոռնոգրաֆիա եւ այլ արգելված բովանդակություն։ Դա բացահայտվելու համար ունենք հատուկ աշխատանքային խումբ, որը եզրակացություն է տալիս, ինչի հիման վրա իրականացվում են համապատասխան քայլեր։

Վահան Հովսեփյանը Վահան Հովսեփյանը
photo © Mediamax


Դոմենային կառավարումը, սակայն, միայն դրանով չի սահմանափակվում։ Խոսքը Հայաստանում, առհասարակ, ինտերնետի կառավարման մասին է։ Երբ ինչ-որ նոր օրենքի նախագիծ է քննարկվում կամ շրջանառվում, օրինակ, համացանցում գովազդի արգելքը, պետք է նախապես հասկանալ՝ ինչպես է դա իրականացվելու։ Մենք պետք է այնպիսի պայմաններ սահմանենք ու այնպես կառավարումն իրականացնենք, որ մեր դոմենային տիրույթը վնաս չկրի։ Գործող կայքերը ստիպված չլինեն հեռանալ ազգային տիրույթից, որպեսզի մենք էլ չկորցնենք մեր ֆորմալ վերահսկողությունը տեղական բովանդակության նկատմամբ։

Նաեւ պետք չէ ավելի խիստ պահանջներ ստեղծել տեղական կազմակերպությունների համար, պետք է խրախուսել տեղական օգտատերերին մնալ մեր տիրույթում։ Սրանք ավելի բարձր մակարդակի վրա են՝ ազգային օրենսդրության կարգավորման դաշտում։ Շատ են մարտահրավերները, որոնք փորձում ենք խելամիտ մոտեցումներով հաղթահարել «ՀՀ Ինտերնետ կառավարման հանձնաժողով» միջգերատեսչական խմբի շրջանակում, որտեղ քարտուղարություն ենք։

Դոմենային տիրույթը լեզվամշակույթի մասին է։ Որքան շատ օգտագործվի մեր լեզուն, այնքան ավելի կենսունակ կդառնա ու կապրի այն։ Մենք փորձում ենք խրախուսել տեղական դոմենային տիրույթում բովանդակության զարգացումը։ Օրինակ, մրցանակ ենք շնորհում «.am» եւ «․հայ» դոմեններով լավագույն կայքերին։

Միջազգային մարտահրավերներն ու տենդենցները

Հայաստանի դոմենային տիրույթը, բնականաբար, կտրված չէ համաշխարհային տիրույթից, ու մեր ներկայացուցիչները բավականին ակտիվ աշխատում են նաեւ միջազգային ու տարածաշրջանային հարթակներում։ Ոչ միայն ներկայացնում ենք Հայաստանի խնդիրները, այլեւ փորձում ենք մեր լուման ներդնել միջազգային քաղաքականության մշակման մեջ, որից էլ գալիս են բոլոր տենդենցները։

Վահան Հովսեփյանը Վահան Հովսեփյանը
photo © Mediamax


Մի քանի տենդենց եմ տեսնում։ Միջազգային խոշոր կորպորացիաներից Google-ը, Meta-ն, TikTok-ը, Telegram-ը եւ այլ ընկերություններ ավելի են հզորանում ու խոշորանում՝ շատ ավելի շատ տեղեկատվություն ստանալով մարդկանց նախասիրություններից սկսած մինչեւ անձնական տվյալներ։ Այս ընկերությունները կարողանում են տնօրինել այդ տվյալները հատկապես AI-ի ձեռքբերումների շնորհիվ։

Նման զարգացումներն այնքան էլ դուր չեն գալիս պետություններին, քանի որ նախկինում այդքան վերահսկողություն եւ ուժ ունեին հենց պետությունները։ Հիմա պատկերը փոխվում է։ Եթե նախկինում պրոպագանդան ու ինֆորմացիայի սփռումը պետություններն իրականացնում էին հեռուստատեսության կամ ռադիոյի միջոցով, հիմա արդեն համացանցն ու սոցիալական ցանցերը գրավել են շուկան։

Պետությունները դեռ չեն կարողանում վերահսկել բովանդակությունը ու դեռ չեն էլ սովորել այդ հարթակներն ամբողջապես օգտագործել։ Կան, իհարկե, երկրներ, որ կարողանում են ցանցերի վրա վերահսկողություն սահմանել, ինչը նույնպես շատ կարեւոր է։ Եթե նայեք տելեկոմի կրիտիկական ենթակառուցվածքների մի բաղադրիչին, օրինակ՝ Root սերվերներին, որոնք համապատասխանեցնում են դոմեններն ու IP հասցեները, ապա երկրներ կան, որ դրանք ընդհանրապես չունեն ու իրենց ինտերնետ տրաֆիկը կարող է գնալ այլ երկիր ու հետ գալ։

Հայաստանն այդ մասով առաջատար է, մենք ունենք մոտ 8 Root սերվեր, դրանք բոլորը ներկայացված են ոչ պետական հիմնարկներում, այսինքն՝ ապակենտրոնացված են ու պատկանում են մասնավոր ընկերությունների։ Ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Վրաստանն այդքան ենթակառուցվածքներ չունեն։ Սա վկայում է հզոր կրիտիկական ենթակառուցվածքներ ունենալու մասին։ Ի դեպ, այդ սերվերներից մեկը «Ինտերնետ Հանրություն» ՀԿ-ի տիրապետության տակ է։

Դոմենային անվտանգությունն ու օրենսդրական խնդիրները

Հայկական դոմենային տիրույթի կիբերանվտանգության մասին բավականին վաղուց ենք մտածել ու ստեղծել cert.am-ը, որը կոչված է ապահովել Հայաստանի դոմենային տիրույթի անվտանգությունը։ Աշխատում ենք այն հզորացնել, որ անկախ ցանկացած կառույցից՝ կարողանանք ապահովել դոմենային տիրույթի անվտանգությունը։

Վահան Հովսեփյանը Վահան Հովսեփյանը
photo © Mediamax


Հասկանալի է՝ ոլորտի կողմից ինքնաբուխ նախաձեռնությունը հրաշալի է, բայց լավ կլինի, որ ունենանք նաեւ համապատասխան իրավական կարգավորումներ, ինչը, ցավոք, չունենք։ Կիբերանվտանգության մասին օրենքը լավ մշակված չէ, դեռ քննարկումների փուլում է, կիբերանվտանգության ռազմավարություն չունենք, կրիտիկական ենթակառուցվածքների նկարագրություն նույնպես։ Շատ կարեւոր է ունենալ նորմալ օրենսդրություն։

Կրթական ծրագրերն ու տեղեկացվածության բարձրացումը հանրության շրջանում

Ունենք մի քանի կրթական ծրագիր․ ինտերնետի կառավարման ամառային դպրոց ենք իրականացնում, տեղեկատվական դասընթացներ են՝ նախատեսված տարբեր մասնագիտական խմբերի համար։

Ամեն տարի կազմակերպում ենք Ինտերնետի կառավարման ֆորում (IGF), որը մեր համայնքին համախմբելու գլխավոր միջոցառումն է եւ հարթակ քննարկումներ իրականացնելու համար։ Երիտասարական IGF ենք կազմակերպում, որը թիրախավորում է հենց երիտասարդներին, պատանիներին։

Համալսարաններում բաց դասախոսություններ ենք իրականացնում։ Դպրոցների գրադարանների աջակցման ծրագրեր ունենք նաեւ, ապահովում ենք համապատասխան գրականությամբ ու ռեսուրսներով։

Նունե Գրիգորյան
Լուսանկարները՝  Էմին Արիստակեսյանի