14:32 | 02.05.24 | Նորություններ | 1440

Team-ը` Թումոյի գլխավոր տեխնոլոգիական գործընկերը Հայաստանում

Team Telecom Armenia-ն կաջակցի Թումոյի` ժամանակակից տեխնոլոգիական կրթությունը Հայաստանի բոլոր պատանիներին հասանելի դարձնելու առաքելությանը:

Team-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը եւ Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանը Թումո Երեւանում ստորագրել են հուշագիր. ընկերությունը 50% զեղչով ինտերնետ կտրամադրի Հայաստանում գործող եւ հետագայում բացվող Թումո կենտրոններին ու տուփերին՝ հետագայում անվճարի անցնելու պայմանով:

Նորագույն NGN ցանցի շնորհիվ, որը կառուցվում է Հայաստանի ողջ տարածքում, Team-ը կկարողանա տրամադրել գերարագ ինտերնետ Թումո ուսանողների կրթական գործընթացն անխափան իրականացնելու համար։

Կարեւորելով այս համագործակցության մեկնարկը՝ Team Telecom Armenia-ի գլխավոր տնօրեն Հայկ Եսայանը շեշտել է, որ կրթության ու տեխնոլոգիաների ոլորտներին աջակցելն իրենց համար առաջնահերթություն է․

«Team-ն ու Թումոն ունեն նույն առաքելությունը, բայց տարբեր ոլորտներում։ Մեր դեպքում՝ Հայաստանի բոլոր բնակիչներին որակյալ ու գերարագ ինտերնետի, իսկ Թումոյի դեպքում՝ ժամանակակից տեխնոլոգիական կրթության ապահովումն է։ Միավորելով մեր ուժերը՝ նպաստելու ենք Հայաստանի բոլոր մարզերի պատանիների կրթության որակի բարձրացմանը, ինչպես նաեւ համայնքների ակտիվացմանը»:

Այս պահին Team-ի գերարագ ինտերնետով են ապահովվում 10 Թումո տեղանք՝ կենտրոններ ու տուփեր: Ինտերնետի տրամադրման գործընթացը լինելու է շարունակական՝ ընդգրկելով Թումո Հայաստան նախագծի շրջանակում բացվող բոլոր Թումո կենտրոններն ու տուփերը:

«Մասնավոր սեկտորի ներգրավվածությունը կրթության զարգացման գործում նույնքան կարեւոր է, որքան ինտերնետը՝ 21-րդ դարի կրթության կազմակերպման համար: Համոզված եմ, որ այս եւ նման համագործակցությունների շնորհիվ մեկ օր առաջ կկարողանանք ապագայի հմտությունները հասանելի դարձնել Հայաստանի բոլոր պատանիներին», - նշել է Թումոյի տնօրեն Մարի Լու Փափազյանը:

Շարունակելով իրագործել Հայաստանի ողջ տարածքում նորարարական կրթության հավասար հասանելիության ապահովման իր նպատակը՝ Թումոն նախատեսում է 16 կենտրոնից եւ 110 տուփից բաղկացած ցանց կառուցել՝ ապահովելով յուրաքանչյուր շաբաթ 80 հազար պատանու կրթական առօրյան ծրագրի շրջանակում:

Բացի այդ, հուշագիրը համագործակցություն է սահմանում ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող Թումո լաբեր նախագծի եւ 42 Երեւան ծրագրավորման դպրոցի հետ, որի շրջանակում Team-ի մասնագետները կիրականացնեն կրթական հանդիպումներ եւ ծրագրեր ուսանողների հետ։