13:04 | 02.05.24 | Նորություններ | 1343
SpaceX ընկերությունն ընդունում է թռիչքների ամրագրումներ դեպի Երկրի ուղեծիր, Միջազգային տիեզերակայան (ՄՏԿ), Լուսին եւ Մարս։
Առաքելություններն իրականացվելու են ընկերության Dragon եւ Starship տիեզերանավերով, ասվում է պաշտոնական կայքում։ Թռիչքը դեպի Երկրի ուղեծիր կտեւի երեքից վեց օր։ Չորս մարդ կարող է թռչել մեկ առաքելությամբ: Ընկերությունն ակնկալում է առաջին գործարկումներն իրականացնել 2024 թվականի վերջին։
Միջազգային տիեզերակայան «շրջագայությունը» կտեւի մինչեւ տասը օր եւ նախատեսված է չորս ուղեւորի համար։ Ամրագրումներն ընդունվում են 2025 թվականի համար։
Թռիչքը դեպի Լուսին կտեւի մինչեւ յոթ օր։ Նման մեկ առաքելությանը կարող է մասնակցել մինչեւ 12 մարդ։ Թե որքան կտեւի «շրջագայությունը» դեպի Մարս, հայտնի չէ։ Նաեւ չի նշվում, թե երբ հնարավոր կլինի թռչել այնտեղ։
Թռիչքի ծախսերը նշված չեն: Reddit-ում եւ X-ում օգտատերերը կատակում են. «Եթե ձեզ անհրաժեշտ է գինը, ուրեմն չեք կարող ձեզ թույլ տալ առաքելությունը»: Զբոսաշրջիկները, ովքեր արդեն թռչել են SpaceX-ով, ըստ Bloomberg-ի, վճարել են 55 միլիոն դոլար։
2020 թվականի նոյեմբերին SpaceX-ն ուղարկել էր առաջին Crew Dragon առաքելությունը ՄՏԿ չորս տիեզերագնացներից բաղկացած անձնակազմով: 2021-ի սեպտեմբերին քաղաքացիական անձնակազմը տիեզերք արձակվեց՝ առանց կայանին միանալու։ 2022 թվականի ապրիլին ընկերությունն առաջին անգամ զբոսաշրջիկների է տարել ՄՏԿ՝ մեկ նախկին տիեզերագնացի եւ երեք ֆինանսիստի: