Հոկտեմբերի 4-6-ը Հայաստանում 19-րդ տարին անընդմեջ կանցկացվի տարածաշրջանի ամենածավալուն տեխնոլոգիական ԴիջիԹեք 2024 ցուցահանդեսը:
Այս տարի եւս մեր հանրությունը հնարավորություն կունենա մեկ հարթակում տեսնել եւ ծանոթանալ տեխնոլոգիական ընկերություններին ու զարգացումներին։ ԴիջիԹեքին ներկայանալու են մի շարք հայտնի եւ առաջին անգամ ներկայացող նոր տեխնոլոգիական ընկերություններ՝ ինչպես տեղական, այնպես էլ միջազգային շուկաներից։
Բացի դրանից, այս տարի ցուցահանդեսը բաց է բոլոր ոլորտների նորարար ընկերությունների համար։ Այցելուները ծանոթանալու են ՏՏ աշխարհի ամենաթարմ զարգացումներին եւ խնդիր լուծող տեխնոլոգիաներին:
Այս տարի եւս ցուցահանդեսի կազմակերպիչները խրախուսում են սկսնակ եւ փոքր թիմերի մասնակցությունը. ԱՏՁՄ կողմից առկա է լինելու մինչեւ 100% հովանավորչություն նման ընկերությունների մասնակցության համար։
Այցելուների համար ցուցահանդեսը, ինչպես նախորդ տարիներին, լինելու է անվճար, ներդրվելու է պարտադիր գրանցում, որը կիրականացվի ցուցահանդեսի պաշտոնական կայքում։
ԴիջիԹեք ցուցահանդեսն ամենամյա միջոցառում է, որն իրականացվում է Առաջատար Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության (ԱՏՁՄ) կողմից 2005 թվականից ի վեր՝ իր հովանու ներքո համախմբելով եւ արտացոլելով Հայաստանի տեխնոլոգիական ներուժը, նորարարությունն ու հեռանկարները։
Վերջին տարիներին ներկայանում են նաեւ ընկերություններ հարեւան երկրներից, քանի որ այն հանդիսանում է ամենախոշոր տեխնոլոգիական հարթակը տարածաշրջանում։ Ցուցահանդեսը տարիներ շարունակ համախմբում եւ արտացոլում է Հայաստանի տեխնոլոգիական ներուժը, ձեռքբերումներն ու ապագան:
2023 թվականի ԴիջիԹեքում տիրող մթնոլորտին կարող եք ծանոթանալ տեսանյութում՝