12:26 | 26.04.24 | Նորություններ | 16120

Ucom-ն անվճար ինտերնետ է ապահովել Իջեւանի չորս համայնքի կանգառներում

Ucom ընկերությունն անվճար Wi-Fi է ապահովել Իջեւանի չորս համայնքում տեղադրված «խելացի» կանգառներում։

Բերքաբեր, Սարիգյուղ, Այգեհովիտ եւ Վազաշեն սահմանամերձ համայնքներում վերջերս կառուցվել են արեւային կայաններով կահավորված կանգառներ, որոնք ունեն էլեկտրաէներգիայի հասանելիություն։ Ucom-ը լարային ինտերնետ է անցկացրել դեպի տաղավարներ եւ ապահովել Wi-Fi ծածկույթ, որից բնակիչները կկարողանան օգտվել տրանսպորտ սպասելիս։

«Մենք անցած տարի ֆիքսված կապ անցկացրինք Իջեւանում՝ որպես մարզերում ցանցի ընդլայնման ծրագրի մի մաս։ Ուղղակի որակյալ ծառայություններ մատուցելը բավարար չենք համարում, այլ ճիշտ ենք գտնում, որ պետք է հնարավորինս օգտակար լինենք այն համայնքներին, որտեղ աշխատում ենք։ Հուսով ենք՝ այս քայլով ավելի հարմարավետ կդարձնենք բնակիչների կյանքը», - նշել է Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը։

«Մեր համայնքի չորս գյուղական բնակավայրում տեղադրվել են արեւային վահանակներով աշխատող «խելացի կանգառներ»: Անհրաժեշտություն էր առաջացել տվյալ կանգառներն ապահովելու անվճար ինտերնետ կապով: Այս կապակցությամբ դիմեցինք Ucom ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին: Դրական արձագանքը չուշացավ եւ այսօր մեր բնակիչներն օգտվում են ընկերության ինտերնետ ծառայությունից», - նշել է Իջեւան համայնքի ղեկավար Արթուր Ճաղարյանը։

2023-ի ընթացքում Ucom-ը ֆիքսված ցանց է անցկացրել Իջեւանում, Գորիսում, Գավառում եւ Սեւանում։