11:11 | 26.04.24 | Նորություններ | 1858

ՏՀՏ ոլորտի կին առաջնորդները կիսվել են հաջողության բանաձեւով

«Աղջիկները ՏՀՏ-ում» (Girls in ICT) միջազգային արշավի շրջանակում ապրիլի 25-ին Երեւանում տեղի է ունեցել հանդիպում ոլորտի կին լիդերների մասնակցությամբ։

«Կանանց առաջնորդությունը STEM-ում. բացահայտելով հաջողության բանաձեւը» հանդիպմանը մասնակցել են Երեւանի ավագ դպրոցների, ինչպես նաեւ մասնագիտական քոլեջների սովորողներ։ Այն նախաձեռնել էին «Ինտերնետ հանրություն» եւ «Ինտերնետ հասարակության Հայաստան հատված» ՀԿ-ները։
«Հայաստանը՝ ի դեմս մեր կազմակերպության, արդեն 7-րդ անգամ է միանում «Աղջիկները ՏՀՏ-ում» միջազգային արշավին։ Նպատակը կանանց ներգրավվածությունը ոլորտում խթանելն է։ Հայաստանում, իհարկե, ի տարբերություն աշխարհի, այդ ցուցանիշն ավելի բարձր է՝ 40%, բայց զարգացման տեղ դեռ շատ ունենք»,- նշել է «Ինտերնետ հանրություն» ՀԿ խորհրդի փոխնախագահ Քրիստինա Հակոբյանը։

Այս ոլորտում աշխատելու լայն հնարավորություններ կան՝ հատկապես դոմենային տիրույթների կառավարման հատվածում, ինչն այժմ իրականացնում է «Ինտերնետ հանրություն» ՀԿ-ն։

«Սա ՏՏ ոլորտի մի հատված է, որի մասին քչերը գիտեն, սակայն այս ուղին երիտասարդների համար բացում է նաեւ աշխարհի մեծ շուկան։ Նրանք կարող են Հայաստանից աշխատել միջազգային շուկայում»,- ասել է Քրիստինա Հակոբյանը։    

 «ՏՀՏ-ում առաջնորդության հասնելու համար նախընտրությունը տվեք բարձրագույն տեխնիկական կրթությանը եւ վաղ տարիքում, թեկուզ կամավոր աշխատանքով՝ պրակտիկ հմտություն զարգացնելուն»,- ընդգծել է Staff.am-ի համահիմնադիր Լուիզա Ավետիսյանը։

STEM կրթությամբ լայն հեռանկարներ ու իրական առաջընթաց ունենալու հնարավորությունն, ըստ «Սինոփսիս Արմենիա» ընկերության ներկայացուցիչ Ժաննա Խոջոյանի, մշտապես սովորելն ու չհուսալքվելն է.

«Կանայք ՏՀՏ-ում նույնքան կարող ուժ են, որքան տղամարդիկ։ Այս ոլորտը օվկիանոսի պես անծայրածիր է։ Հաջողելու համար հարկավոր է նաեւ չվախենալ զարգացումներից»։

Աշխարհի առաջատար երկրներում ՏՀՏ ոլորտում կանանց ներգրավվածությունն ավելի քան 20% է։ Այս ցուցանիշը բարելավելու համար էլ «Աղջիկները ՏՀՏ-ում» միջազգային արշավը սկսել է Հեռահաղորդակցության միջազգային միությունը (ITU)։ Անցած 11 տարվա ընթացքում 175 երկրում անցկացվել է 11,400 միջոցառում, որոնց մասնակցել է ավելի քան 377,000 կին։ Հայաստանում այդ միջոցառումներին մինչ օրս՝ 7 տարում, մասնակցել է տարբեր մասնագիտությունների եւ տարիքի շուրջ 340 կին։