11:06 | 26.04.24 | Նորություններ | 15102

«Մեկնարկի՛ր» ծրագրի մասնակից Տիգրանն սկսել է ուսումնասիրել ստարտափ էկոհամակարգը

17-ամյա Տիգրանը մանուկ հասակից հետաքրքրվել է աստղագիտությամբ: Տիգրանի ծննդավայր Սյունիքի աստղաշատ երկինքը, մասամբ էլ՝ տիեզերքի մասին քրոջ պատմածները զգալիորեն նպաստել են դրան:

Շուրջ մեկ տարի առաջ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ավագ դպրոցի աշակերտ Տիգրանը մասնակցել է Վայոց ձորի մարզի Արատես գյուղի ուսումնական կենտրոնում վրանային ճամբարին եւ որոշել տեղի ուսումնական կենտրոնում մի փոքրիկ աստղադիտարան ստեղծել:

Բյուրականի աստղադիտարան կատարած այցը, 2.6-մետրանոց աստղադիտակի աշխատանքին մոտիկից ծանոթանալու հնարավորությունը, ինչպես նաեւ աստղադիտարանի գործունեության պատմությունը որոշիչ են դարձնել Տիգրանի համար:

«Առաջին անգամ էի աստղադիտարանում, շատ նոր գիտելիք ստացա: Ծանոթացա 2.6-մետրանոց դիտակին ու ոգեւորություն արթնացավ՝ շարունակելու իմ ընտրած ճանապարհը Հայաստանում: Մենք հնարավորություններ ունենք, եւ ինչ-որ մեկը պետք է լինի, որ օգտվի այդ հնարավորություններից», - ասել է Տիգրանը:

Նպատակի իրագործման համար անհրաժեշտ է ոչ միայն ցանկություն, այլեւ՝ համապատասխան հնարավորություն: Նման հնարավորություն Տիգրանն ստացել է «Մեկնարկի՛ր» կրթական ծրագրի շրջանակում, որն իրականացնում են «Հայկական օնլայն լրատվամիջոցների եւ լրագրողների ասոցիացիա» ՀԿ-ն եւ Մեդիամաքսը՝ Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր գործընկերությամբ: Ծրագիրը հնարավորություն է տալիս ուսումնասիրել առաջատար ընկերությունների փորձը եւ ստանալ ստարտափ հիմնելու գիտելիք:

Ծրագրին մասնակցության առաջին փուլի շրջանակում Տիգրանն արդեն հասցրել է շփվել բազմամյա փորձ եւ Հայաստանում զգալի հաջողության հասած տարբեր ընկերությունների եւ հիմնադրամների ղեկավարների հետ: Երկրորդ փուլով նախատեսվում են աշխատարաններ, որտեղ ուսուցումը կիրականացվի մենտորների հետ: Մասնակիցները կաշխատեն փոքր խմբերում եւ կկարողանան իրենց գաղափարները ներկայացնել քննարկման՝ իրականացման հեռանկարները գնահատելու համար:

«Ծրագիրը փոխելու է իմ կյանքը։ Այլեւս առաջվա նման չի լինելու: Պարտության դեպքում սխալների հիման վրա նորը կսովորեմ, իսկ հաղթանակի դեպքում դպրոցս հպարտանալու առիթ կունենա», - ասել է Տիգրանը:

Աշխատարաններում մշակված եւ լավագույնը ճանաչված ստարտափ նախագծերը կարժանանան խրախուսական դրամական պարգեւի: Մրցանակային ընդհանուր ֆոնդը 1 000 000 դրամ է։ Ծրագրի արդյունքները կամփոփվեն ամռանը: